AM
9 Հուլիս 2013 - 10:28 AMT

Մարգարեթ ֆոն Թրոթա. Դերասանուհի դարձել էի ռեժիսոր դառնալու համար

70-ականներին գերմանական կինոյում հայտնված լավագույն ռեժիսորներից Մարգարեթ ֆոն Թրոթան 10-րդ«Ոսկե ծիրան» կինոփառատոնի երևանյան պրեմիերաներ արտամրցութային ծրագրում ներկայացնում է «Հաննա Արենդտ» ֆիլմը: Պրեմիերայից առաջ այսօր ասուլիսի ժամանակ նա պատմեց, որ կինոյի ոչ մի դպրոց չի անցել:

«Բայց դա ոչ թե այն պատճառով, որ չեմ ուզել, այլ որովհետև այն ժամանակ դրա համար բավական փող չունեի: Ես շատ ֆիլմեր նայելով եմ կրթվել: Այն ժամանակ մենք կարող էինք կինոթատրոնում մի տոմս գնել ու մինչև ճաշ ցուցադրվող բոլոր ֆիլմերը դիտել», – ասաց նա ու ավելացրեց, որ դերասանուհի լինելով էլ ներսից է հասկացել, թե ինչպես է կինոն ստեղծվում:

Իսկ դերասանուհի դարձել է ռեժիսոր դառնալու համար: Բացատրում է. «60-ականներին Գերմանիայում կին ռեժիսոր լինելը չլսված բան էր: Եվ դերասանուհի լինելն ինձ համար ռեժիսոր դառնալու միջոց էր, դրա ճանապարհը: Երբ որպես ռեժիսոր 1-ին ֆիլմս նկարահանեցի, դրանից հետո միայն մեկ անգամ եմ նկարահանվել որպես դերասանուհի` Զանուսսիի ֆիլմում»:

Անդրադառնալով «Հաննա Արենդտ»-ին նշեց, որ ֆիլմի գլխավոր հերոսուհու` Բարբարա Սուկհովայի հետ վաղուց են միասին աշխատում, քանի որ կարողանում են միասին մտածել: «Նա ինտելեկտուալ դերասանուհի է: Լավագույնը Գերմանիայում: Ամեն դերին հատուկ պատրաստվում է: «Հաննա Արենդտ»-ի նկարահանումներից առաջ մեծածավալ գրականություն է կարդացել, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորի մոտ հոգեբանության, փիլիսոփայության կուրս անցել»:

Ֆիմլը հրեկան ծագումով գերմանուհի Հաննա Արենդտի մասին է, ով 1961-ին մեկնում է Երուսաղեմ` «Նյու Յորքըր»-ի համար Ադոլֆ Այխմանի դատավարությունը լուսաբանելու: Արենդտի հոդվածները հրապարակվելուց հետո զայրույթի ալիք բարձրացրեցին, որովհետև հեղինակն Այխմանին համարում էր ոչ թե հրեշ, ինչպես աշխարհը, այլ մարդասպան, որը ձգտել էր հնարավորինս լավ կատարել իր առաջադրանքը: Նման համարձակ կարծիքի համար Արենդտն արհամարհանքի արժանացավ, կորցրեց բարեկամներին, ընկերներին, բայց իր կարծիքը չփոխեց:

Մարգարեթ ֆոն Թրոթան խոսեց նաև իր հաջորդ ֆիլմի մասին: Ինչպես արդեն պատահել է, այս անգամ էլ ֆիլմը 2 քույրերի մասին է, ու ռեժիսորի խոսքով, շատ անձնական պատմություն:

«Այս ֆիլմը պատմական հիմք չի ունենա, քանի որ չեմ ուզում` ինձ ընկալեն որպես մի գիծ ունեցող ռեժիսոր: Քույրերի կամ ընկերուհիների մասին էլ արդեն 2-3 ֆիլմ նկարահանել եմ, բայց հայտնի փաստ է` ես ֆեմինիստ եղել եմ և եմ: Տղամարդկանց, իհարկե, սպանել չեմ ուզում: Չնայած որոշներին, այնուամենայնիվ, կսպանեի», – կատակեց ֆոն Թրոթան:

Նա շարունակեց` նշելով, որ որոշ քննադատների ևս կսպաներ: Կինոյի այս կողմին լուրջ է վերաբերում. «Քննադատությունից չեմ մեռել, բայց դրանց պատճառով շատ ապրումներ եմ ունեցել»: