Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նրան բեղումնավոր աշխատանք մաղթեց:
Նիստից հետո լրագրողներին Սյունիքի նոր մարզպետը հայտնեց, որ իր համար սպասելի էր նշանակումը և փորձելու է արդարացնել սյունեցիների հույսերը։ Նա խոստացավ, որ իր գործունեությունը հրապարակային է լինելու: «Մարզում կան բազմաթիվ խնդիրներ, բայց ամեն ինչ անելու եմ դրանց արդյունավետ լուծում տալու համար»,- ասաց նա: Վահե Հակոբյանը հերքեց այն լուրերը, թե իր թեկնածությունն առաջարկել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ «Որպես ինը տարվա մարզպետ, նա կարող էր պարզապես կարծիք հայտնել, իսկ ես նշանակվել եմ ՀՀ նախագահի առաջարկով և կառավարության որոշմամբ»,- ասաց նոր մարզպետը և հավաստիացրեց, որ Սյունիքի մարզում վախի մթնոլորտ չկա։ «Սյունեցիներին վախեցնելը կատակ բան չէ, նրանք պատերազմ տեսած և հաղթանակած ժողովուրդ են»,- շեշտեց Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրայնը հրաժարական էր ներկայացրել իր տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո, որի հետևանքով 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր: Հարուցվել էր քրեական գործ: