AM
10 Հուլիս 2013 - 15:16 AMT

Բրիտանական թանգարանում ցուցադրվող Նորատուսի խաչքարը կներկայացվի նոր մասնաշենքում

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Բրիտանական թանգարանի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՀՀ մշակույթի նախարարության հրավերով: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է նախարարության լրատվական բաժնից:

Պատվիրակության կազմում ընդգրկված են Մերձավոր Արևելքի բաժնի տնօրեն Ջոնաթան Թաբը, նույն բաժնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Ֆլեթչերը, Հունաստանի և Հռոմի բաժնի տնօրեն Լեսլի Ֆիթոնը, թանգարանի կոնսերվացիայի ու գիտական հետազոտությունների բաժնի տնօրեն Դեյվիդ Սոնդերսը:

Պատվիրակության հայաստանյան այցի, ինչպես նաև ցուցադրության մեջ տեղ գտած խնդիրների ուսումնասիրման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2012 թ. նոյեմբերին, Բրի¬տանական թագավորական գրադարանի հրավերով Հայ գրատպության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակներում՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցի ժամանակ:

Բրիտանական թանգարանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ծանոթանալու հայկական պատմամշկութային ժառանգությանը, հանդիպումներ ունենալու թանգարանային ոլորտի մասնագետների և հնագետների հետ, քննարկելու Բրիտանական թանգարանում Հայաստանին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման հնարա¬վորությունները և սկզբունքները:

Հանդիպման ընթացքում բրիտանական կողմը նշել է, որ թանգարանը մշտապես կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ թանգարանային գործի, համակարգողների, ֆոնդապահների և երիտասարդ մասնագետների համար և առաջարկել հայ մասնագետներին մասնակցել այդ ծրագրին: Քննարկվել են փայտի, կերամիկայի, ապակու վերականգնող-մասնագետների վերապատրաստման հետ կապված հարցեր ևս:

Բրիտանական կողմը նշել է, որ հայկական ցուցանմուշների ցուցադրության առնչությամբ տեղի են ունեցել քննարկումներ՝ ցուցադրության անվանումների մեջ կատարվել են ճշգրտումներ, յուրաքանչյուր ցուցանմուշի համար նշվել է ծագման վայրը: Պատվիրակության անդամները նշել են նաև, որ Բրիտանական թանգարանում ներկայացվող Նորատուսի խաչքարը առաջիկայում կներկայացվի նոր կառուցվող մասնաշենքում՝ լավագույնս, առանձին ցուցադրությամբ:

Հանդիպման վերջում կողմերը գոհունակություն են հայտնել համատեղ քայլերի և համագործակցության ընդլայնման համար: