AM
11 Հուլիս 2013 - 10:15 AMT

Վիգեն Չալդրանյան. Կինոռեժիսուրան հնարավոր չէ բացահայտել դասագրքերի միջոցով

Կինոռեժիսուրան հնարավոր չէ բացահայտել դասագրքերի միջոցով, միայն տաղանդի և սեփական բնավորության շնորհիվ է կարելի: Վիգեն Չալդրանյանն իր մասնագիտության մասին խոսելիս այսօր ասուլիսի ժամանակ նաև ասաց. «Մինչև հիմա ես երազում եմ այնպիսի պրոդյուսերի մասին, որն ինձ կասի զբաղվիր միայն ռեժիսուրայով, ես կբերեմ դերասաններ, գումար, սցենարիստ»: Չալդրանյանը «Ձայն լռության» ֆիլմում միաժամանակ ռեժիսոր է, պրոդյուսեր ու գլխավոր դերակատար:

Հենց այս ֆիլմ է ընդգրկված «Ոսկե ծիրանի» «Միջազգային խաղարկային» և «Հայկական համայնապատկեր» ծրագրերում: Այն սփյուռքահայ արվեստագետի ինքնության վերահաստատման պատմություն է` իրական փաստերով, պատահական հանդիպում «երկրորդ ես»-ի հետ, մարդու և նրա խղճի երկխոսություն, որից աստիճանաբար պարզվում է ճշմարտությունը: Ֆիլմը դրվագ է այն ռեժիսորի անակնկալներով լի կյանքից, որը աշխարհաքաղաքացի ամերիկահայ դառնալով` ոտք է դրել իր ստեղծագործական եռանդի և գաղափարների աղբյուր հարազատ հողին: 1988-ին հեռանալով հայրենիքից` նա որոշակի հաջողության է հասել Հոլիվուդում: Իսկ այժմ վերադառնում է իր հրեա կնոջ հետ` ֆիլմ նկարահանելու: Համապատասխան վայրեր փնտրելիս նա մի ավազահանքում պատահաբար հանդիպում է անօթևան երիտասարդ կնոջ, որն ապրում է կիսափուլ մեքենայի մեջ և ընկերացել է փողոցային շների հետ: Հանդիպումը դառնում է ճակատագրական և, հերոսի մեջ հակասություն արթնացնելով, տանում դրամատիկ կուլմինացիայի, որը առանցքային է սեփական ճշմարտությունը գտնելու ճանապարհին: Նա պետք է բարդ ընտրություն կատարի սրտի և գլխի միջև. շարժվել բանականությա՞ն, թե՞ հույզերի թելադրանքով, թողն՞ել հարմարավետ կյանքը, թե լիովին շրջել այդ կյանքի ուղղությունը: Մրցանակների մասին Չալդրանյանն ասաց. «Վայ էն ռեժիսորին, որ ապրում է այդ գաղափարով: Ես շատ կոչումներ ու մրցանակներ ունեմ, բայց ամենամեծ մրցանակն այն է, երբ քո գործը չի կորցնում իր նշանակությունը, ժառանգություն է դառնում»: