AM
11 Հուլիս 2013 - 13:02 AMT

Յոս Սթելինգ. Կինոն ինտելեկտի հետ անմիջական կապ չունի

Մարդիկ կինո են գալիս ուրիշ մշակույթի հաղորդակցվելու, իսկ Հայաստանի ոգին աշխարհին ներկայանում է Փարաջանովի արվեստով: Հոլանդացի հանրահայտ ռեժիսոր Յոս Սթելինգն ասաց այսօր ասուլիսի ժամանակ և ավելացրեց, որ ինքն էլ Հայաստանի մասին լսել ու հայկական մշակույթով հետաքրքրվել է Փարաջանովի ֆիլմերից:

Իսկ որ հայ ժողովուրդը լավն է, հասկացել է դեռ «Զվարթնոց» օդանավակայանում: «Ինձ այնպես զգացի, կարծես տուն եկած լինեի, ոչ թե տնից: Հայերի հյուրասիրությունն ու մի լավ բան արած լինելու ձգտումն ուղղակի հրաշալի են», – ասաց նա:

Սթելինգի «Աղջիկը և մահը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրանի» «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում: Այն ռուս երիտասարդ Նիկոլայի և կուրտիզանուհի Էլիզի ողբերգական սիրո պատմությունն է, որ ընդհատվում է նյութապաշտության, հարստության և մահվան սպառնալիքի պատճառով: Նիկոլայը Փարիզ մեկնելու ճանապարհին որոշում է գիշերն օթևանել փոքրիկ հյուրանոցում, որտեղ «աշխատում է» Էլիզը: Հենց այստեղ էլ նա պատահաբար հանդիպում է գրավիչ աղջկան և միանգամից սիրահարվում: Կես դար անց Նիկոլայը, վերադառնալով հին հյուրանոցը, որտեղ առաջին անգամ հանդիպել է իր սիրուն, վերապրում է այդ ռոմանտիկ ողբերգությունը:

Ռեժիսորը նշեց, որ ինքը կինոյում միշտ ուշադիր է հատկապես սիրո պատմությունների նկատմամբ.«Մարդիկ ձգտում են իրար ու ինձ հետաքրքրում է նրանց օգտագործած միջոցները, նրան միջև եղած տարածությունը, երբ նրանք չեն կարողանում միասին լինել, երկար ժամանակ է անցնում, ու սիրելիներն իրար համար ավելի են գեղեցկանում ու ավելի ցանկալի դառնում»:

Իսկ ֆիլմերն, առհասարակ, Սթելինգի կարծիքով բարձրագույն արվեստ լինելուց բացի առաջին հերթին մարդու զգացական դաշտն են ակտիվացնում. «Կինոն ինտելեկտի հետ անմիջական կապ չունի: Դիտելիս հենց սկսում ես մտածել, ուրեմն մի բան այն չէ»: