AM
12 Հուլիս 2013 - 06:23 AMT

Ամփոփվել են Արվեստի եռօրյա ակադեմիայի արդյունքները

Նարեկացի արվեստի միությունում տեղի է ունեցել համերգ-ցուցահանդես, որտեղ ներկայացվել են այս շաբաթ Ծաղկաձորում կայացած Արվեստի եռօրյա ակադեմիայի ընթացքում ստեղծված աշխատանքները: Ակադեմիային մասնակցել են 16-25 տարեկան արվեստագետներ, ովքեր ընտրվել են մրցութային կարգով (յուրաքանչյուր ոլորտից 5 երիտասարդ): Ստեղծված գործերը ավարտուն տեսքի են բերվել դասախոսների օգնությամբ: Դասախոսները ևս երիտասարդ արվեստագետներ են:

Գրականության մասը ղեկավարել է արձակագիր Արամ Պաչյանը(Երևան), կոմպոզիցիան՝ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը(Ժնև), իսկ կերպարվեստը նկարիչ Լևոն Ֆլջյանը(Գյումրի): Երեկոյի ընթացքում գործերը ներկայացվել են անանուն և հանդիստատեսը փակ քվեարկությամբ յուրաքանչյուր ոլորտից մեկական ստեղծագործություն է ընտրել, որոնք արժանցել են դիպլոմների: Հանդիստատեսն ընտրել է արձակագիր Նորայր Սարգսյանի «Անեծք» պատմվածքը, կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանի «8 ֆրագմենտներ» ստեղծագործությունը և նկարչուհի Արաքսյա Ասատրյանի աշխատանքը:

Նշենք, որ Ակադեմիային 23 երիտասարդ արվեստագետ է մասնակցել: Այն կազմակերպել էր «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն` Սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ: