10-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունների շրջանակում երեկոյան Կինոմոսկվայում հանդիպում էր հայտնի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Փելեշյանի «Տարվա եղանակներ», «Կյանք», «Վերջ», «Մեր դարը», «Բնիկները» ու «Մարդկանց երկիրը» ֆիլմերը:
Երբ ցուցադրություններն ավարտվեցին, Փելեշյանը նկատեց, որ հիմնականում ցուցադրում են իր երիտասարդ տարիներին նկարահանած ֆիլմերը, երբ դեռ «գանգուր մազեր ուներ»:
Ֆիլմերում բառերի բացակայությունը ռեժիսորը բացատրեց դրանց «շաբլոն» լինելով:Հնչած կարծիքին էլ, թե ամեն անգամ իր ֆիլմերը դիտելիս նոր բան ես հայտնաբերում, Փելեշյանն արձագանքեց. «Ինչքան էլ ասածս աբսուրդ թվա, ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները: Այդ պաշտճառով էլ ամեն անգամ նոր բան եք տեսնում: Ֆիլմը կառուցված է, բայց դրա կեսը բացակա է: Մոտնաժի, երաժշտության, պատկերի շնորհիվ բացակայող մասը ենթագիտակցորեն ներկա է»,- նշեց Փելեշյանը:
Ինչ վերաբերում է Պիետրո Մարչելոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմին, ապա վարպետն այն դիտել է. կարծում է` դա «Մարչելոյի լռությունն է, ոչ Փելեշյանի»:
«Վերնագիրը բացատրություն է պահանջում, բայց ռեժիսորն ինձանից օրինակ վերցնելով ինքն էլ է լռում»,- ասաց Փելեշյանը:
Երեկոյի ընթացքում Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը Փելեշյանին հանձնեց միության «Ասպետի ոսկե խաչ» շքանշանը, իսկ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը՝ «Անահիտ» պատվո մրցանակը: Վերջինս նշեց նաև, որ Փելեշյանի շնորհիվ է, որ «աշխարհը դարձել է Հայաստանինը, իսկ Հայաստանը` աշխարհինը»:
«Փելեշյանի կինոն չի թողնում, որ մենք ու մեր երկիրը մեզ փոքր զգանք»,- ասաց Մուրադյանը:
Իսկ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հանդիպմանը ծաղիկներով էր եկել: Ինչպես նա նշեց, ռեժիսորն արդեն ունի գերատեսչական բոլոր պարգևները, դրա համար էլ նա ծաղիկներով ու ծափահարություններով է եկել:






