Գեղամա լեռներում գտնվող հայկական ժայռապատկերները վտանգված են: Կիրակի օրը լեռներ արշավի մեկնած խումբը լուսանկարել է, թե ինչպես են ոչնչացվում դրանք: Արշավախմբի անդամ Տիգրան Շահբազյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ 5000 տարվա պատմություն ունեցող եզակի ժայռապատկերների հարևանությամբ անասուններ են պահում տարածքը վարձած գյուղացիները. «Երբ մենք նրանց ասացինք, որ այդպես չի կարելի, դրանք մշակութային արժեք են, նրանք մեզ հակադարձեցին, որ տարածքը վարձել են ու այդտեղ անասնապահությամբ զբաղվելու համար վճարում են»:
Մեզ հետ զրույցում Տիգրան Շահբազյանն ասաց, որ դրանից հետո այդ մարդկանց ոչինչ ասել չեն կարողացել. «Մենք պարզապես կուզեինք իմանալ՝ ինչ սկզբունքով են այդ տարածքը տվել այդ մարդկանց, ովքե՞ր ու ի՞նչ կառույց է որոշել, որ այդտեղ կարելի է անասուն պահել ու տարածքը աղբանոցի վերածել»:
Ըստ արշավախմբի անդամների՝Թաեր անունով մի եզդի դրանց վրա անգամ նոր փորագություններ է արել:
Նշենք, որ վերջերս հայկական ժայռապատկերներն ուսումնասիրած գերմանացի գիտնականների խումբը հանդես էր եկել առաջարկությամբ, ըստ որի՝ հայկական ժայռապատկերները կարող են ճանաչվել համաշխարհային համամշակութային արժեք և գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:






