Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով մեկնարկեց իտալական Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը։ Համերգը ղեկավարում էր բրազիլացի դիրիժոր Իսահակ Կարաբչևսկին, մենակատար` Նատալյա Գուտման (թավջութակ)։ Երիտասարդական նվագախումբը հրավիրվել է փառատոնի կազմակերպիչների կողմից որպես Musica Riva-ի պաշտոնական նվագախումբ։
Իսահակ Կարաբչևսկին, որ եղել է Բրազիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, դիրիժորական աշխատանքի մեծ փորձ ունի Վիեննայի պետական օպերայում, բարձր գնահատեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ հենց հայկական այս նվագախումբն է հրավիրվել մասնակցելու Musica Riva-ին։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, թավջութակահար Նատալյա Գուտմանն էր նշեց, որ շատ անգամներ է եղել Հայաստանում, սակայն տեղյակ չէր, որ մեր երկրում գործում է երիտասարդական նվագախումբ, այն էլ` այսքան բարձր մակարդակի։ Նվագախմբի հետ հենց առաջին փորձից Գուտմանը նկատեց, որ Հայաստանը շատ լուրջ կատարողական դպրոց ունի։
Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ ելույթը հուլիսի 24-ին է։ Որպես մենակատար հանդես կգա հանրահայտ դաշնակահար Ալդո Չիկոլինին։
Փառատոնի շրջանակներում հուլիսի 30-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի նաև հայկական երաժշտության երեկո, որը նվիրված կլինի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, մենակատարներ` Ելենա Թանսկին (ջութակ, Ավստրիա), Լուսինե Մկրտչյանը (սոպրանո, Հայաստան)։






