Թուրքիայի մշակույթի գործիչները ոչինչ չգիտեն հայկական խաչքարերի ոչնչացման մասին: Այդ մասին նրանք հայտարարել են Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որը կազմակերպել էր ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտը Հենրիխ Բյոլի հիմնադրամի Թբիլիսիի եւ Ստամբուլի գրասենյակների հետ համատեղ: Այնուամենայնիվ, խնդրի էությանը ծանոթանալուց հետո, նրանք հայտարարեցին, թե մշակույթի ցանկացած հուշարձանի ավերումը կամ ոչնչացումը վանդալիզմ է: Որպես օրինակ նրանք բերեցին Աֆղանստանում Բուդդայի արձանների ոչնչացումը, Բաղդադի ավերումը: «Մենք դատապարտում ենք մարդկության մշակույթի դեմ ուղղված ցանկացած գործողություն, սակայն կարծում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատշաճ ձեւով կարձագանքի այդ փաստին»,-ասել է Ստամբուլի Անատոլիայի մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Քուբիլայ Օզմենը: Նշենք, որ սեմինարի աշխատանքներին, որը կազմակերպվել էր ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ` Հենրիխ Բյոլի հիմնադրամի Թբիլիսիի եւ Ստամբուլի գրասենյակների կողմից իրագործվող «Թուրքիա-Հարավային Կովկաս նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում , մասնակցեցին նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Սակայն մամլո ասուլիսին նրանք ներկա չէին: Ինչպես հայտնի դարձավ, նրանց մասնակցությունը «կարող էր իրենց համար տհաճ հետեւանքներ ունենալ Ադրբեջանի իշխանությունների կողմից»: