AM
9 Օգոստոս 2013 - 09:06 AMT

Սփյուռքահայերն աջակցում են Հայաստանում բալետային արվեստի զարգացմանը

Օգոստոսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Կանադայի Ազգային բալետից բարեգործական հիմունքներով ուղարկված բալետի կոշիկների տրամադրումը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին: Վահե Ջիլավյանը և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչ Լիլիթ Պետրոսյանը կարևորեցին Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը Հայաստանում բալետային արվեստի զարգացմանը: Լիլիթ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և Կանադայի մեր հայրենակիցներին օգնություն տրամադրելու համար, հայտնում է սփյուռքի նախարարությունը:

Բարեգործական ծրագիրն իրականացվել է Կանադայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Խորեն Մարդոյանի նախաձեռնությամբ: Պարային կոշիկների ձեռքբերմանն աջակցել են Կանադայի Ազգային բալետի զգեստների և բալետի կոշիկների ձևավորող-ղեկավար հայազգի Լոռնա Գեդդես Սուրմեյանը և վարչական հարցերով օգնական Սեդա Նիկողոսյանը: Բարեգործական բեռը Հայաստան տեղափոխելուն աջակցել է Հայկական առևտրային ցանցի ղեկավար Վահրամ Փիրջանյանը:

Նախատեսվում է պարային կոշիկներ տրամադրել նաև Սիրիահայերի պարային համույթին, Գավառի պարային համույթին, Վրաստանի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի Ջեյրան, Անի, Վանք պարային համույթներին: Բարեգործության ընդհանուր քանակը կազմում է 488 զույգ պարային կոշիկ: