AM
22 Օգոստոս 2013 - 06:03 AMT

Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Ազգային պատկերասրահում

Օգոստոսի 23-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին: Նույն օրը տեղի կունենա նաև նկարչի աշխատանքների ծավալուն պատկերագրքի շնորհանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, որոնց մի մասը ընտանիքի սեփականությունն է և ցուցադրվում է առաջին անգամ: Բեքարյանի բնանկարներում և նատյուրմորտներում առանձնահատուկ տեղ ունի գյուղական կյանքը: Դիմանկարներում ներկայացված են մարդկային զանազան ապրումներ:

Արա Բեքարյանը ծնվել է 1913 թ. հունիսի 12-ին՝ Աֆիոն-Կարահիսարում (Թուրքիա): 1925 թվականին ընտանիքի հետ Ֆրանսիայից հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: 1932 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը, 1939 թ.՝ Լենինգրադի համառուսական գեղարվեստի ակադեմիան: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

1945-1986 թթ դասավանդել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1947-1950 թթ՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:

Արա Բեքարյանի աշխատանքները ցուցադրվել են արտասահմանյան բազմաթիվ երկրներում (Ռուսաստան, Լիբանան, Կանադա, Բելգիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Վիետնամ, Կորեա, Գանա, Լեհաստան, Հարավսլավիա, Չեխոսլովակիա, Իրան, Ճապոնիա, Մոնղոլիա, Շրի Լանկա): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1947թ., 1963թ.), Մոսկվայում (1964թ.), Լվովում, Լուբնինում (1980թ.), Զագրեբում:

Արա Բեքարյանը վախճանվել է 1986 թ. հունիսի 18-ին՝ Երևանում: