AM
24 Օգոստոս 2013 - 12:06 AMT

Սեպտեմբերի 1-ին Շուշիում տեղի կունենա «Արծվաբերդ» օպերայի առաջնախաղը

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրավիրում է Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի առաջնախաղին (բեմադրող ռեժիսոր` Ժիրայր Դադասյան, նախագծի գեղարվեստական ղեկավար` Սարինա Ավթանդիլյան, դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), որը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին ժամը 20:30-ին Շուշիի ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում:

Ներկայացմանն իրենց մասնակցությունը կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Արցախի պետական երգչախումբը, «Մռակած» պետական կամերային երգչախումբը, Արցախի պարի պետական համույթը, օպերային մեներգիչներ Հայաստանից ու Արցախից:

Նախագիծն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ և նվիրվում Արցախի անկախության հռչակման օրվան: Մուտքը` հրավիրատոմսերով:

Հրավիրատոմսեր ստանալու համար կարելի է դիմել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի միջոցառումների կազմակերպման և կապերի բաժին` ք. Շուշի, Հախումյան 28 հասցեով: Տեղեկատու հեռախոսամար` 73-43-88: