Սեպտեմբերի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում և սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում կկայանա D’Black Blues Orchestra խմբի համերգը, որի մենակատարն է ռուսաստանցի հայտնի գործարար Վլադիմիր Ավետիսյանը:
D’Black Blues Orchestra-ն միավորել է կատարողների հինգ երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իսպանիայից:
Ստեղծվելով 2000 թվականին` D'Black Blues-ն իր երկրորդ ծնունդն ապրեց 2008 թվականին` նոր ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանի հայտնվելով:
D’Black Blues Orchestra-ն Ռուսաստանում և Եվրոպայում փառատոնների մասնակցության մեծ փորձ ունի: Երաժիշտները շրջագայություններ են ունեցել Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Չինաստանում, Մերձբալթյան երկրներում, ինչպես նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
D’Black Blues Orchestra-ն Դիլիջանում և Ստեփանակերտում կներկայացնի «Claptomania» շոուն, որը տարբեր ժանրերի համադրություն է:
Նշենք, որ տարբեր տարիներին Վլադիմիր Ավետիսյանը զբաղեցրել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի»-ի վարչության անդամի, վարչության նախագահի տեղակալի, «Միացյալ ավտոմոբիլային տեխնոլոգիաներ» ընկերության վարչության նախագահի պաշտոնները, ինչպես նաև մի շարք խոշոր ռուսաստանյան ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է եղել:






