Դանիական ազգային հեռարձակող DR հեռուստաընկերությունն այսօր հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցնի Կոպենհագենում՝ B&W Hallerne համերգասրահում: Եվրոպական հեռարձակողների միությունն ու մրցույթի ղեկավար մարմինը հավանություն են տվել քաղաքի ընտրությունը:
«Եվրատեսիլի» մասնակիցներին ընդունելու իրավունքի համար մրցում էին դանիական երեք քաղաքներ, սակայն ոչ մեկը չէր նշվում մինչև վերջնական որոշում կայացնելը, հայտնում է Lenta.ru-ն:
Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա 2014թ. մայիսի 10-ին, կիսաեզրափակիչները՝ մայիսի 6-ին և 8-ին: «Եվրատեսիլի» կարգախոսն է «Միացեք մեզ» («Join Us»):
Առաջին անգամ չէ, որ «Եվրատեսիլ»-ը կանցնի Կոպենհագենում: Այդպես է եղել նաև 1964 և 2001 թվականներին: 2014-ին մրցույթը կանցնի Դանիայում երգչուհի Էմիլի դը Ֆորեսթի հաղթանակի շնորհիվ «Եվրատեսիլ-2013»-ում: Նա նվաճեց առաջին տեղը «Only Teardrops» երգով՝ հավաքելով 281 միավոր:
Հայաստանը 2013-ին մրցույթում ներկայացրեց Dorians խումբը, որը զբաղեցրեց 18-րդ տեղը: «Lonely Planet» երգի հեղինակն էր Թոնի Այոմին Black Sabbath-ից:
«Եվրատեսիլ-2013»-ը զերծ չմնաց սկանդալներից, որոնց կենտրոնում էին հաղթող երկիր Դանիան և երկրորդ տեղը գրաված Ադրբեջանը: Էմիլի դը Ֆորեսթին մեղադրեցին K-Otic խմբի երաժշտական թեման յուրացնելու մեջ: Ադրբեջանին լիտվացի լրագրողները բռնացրեցին վճարված համարներով զանգվածային քվեարկության մեջ:
Սակայն ակնկալվող ձայների վերահաշվարլ չկատարվեց և Դանիայի ու Ադրբեջանի մասնակիցները չորակազրկվեցին:
«Եվրատեսիլ» երգի մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956 թվականից սկսած:
Մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության մեկական ներկայացուցիչ այն երկրներից, որոնք մասնակցության հայտ են ներկայացնում: Փառատոնն անցնում է ուղիղ եթերով: Յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ, երգը չպետք է գերազանցի 3 րոպեն: Ելույթից հետո հաղթող երգը որոշվում է հեռուստադիտողի ու ժյուրիի քվեարկության միջոցով:
Հայաստանն առաջին անգամ մասնակցեց մրցույթին 2005 թվականին, սակայն հետո հետ կանչեց իր հայտը: 2004 թվականի ապրիլի 14-ից Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության անդամ է: Առաջին անգամ մասնակցել է «Եվրատեսիլին» 2006թ. Without Your Love երգով՝ Անդրեի կատարմամբ: Երգը դուրս եկավ եզրափակիչ, գրավելով 8-րդ տեղը, և դրանով իսկ ազդարարեց Հայաստանի հաջող մեկնարկը: