Ուկրաինայի «Օսկարյան կոմիտեն» երեք ֆիլմ է առանձնացրել, որոնք Ուկրաինան 2013թ. ներկայացնելու է Ամերիկյան կինեմատոգրաֆիստների ակադեմիայի «Օսկար» մրցանակին «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Այդ ֆիլմերն են Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձը», Սերժ Ավեդիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանովը», Ահտեմ Սեյտաբլաևայի «Հայտարմա» ֆիլմը: Այդ մասին հայտնել են «Ուկրաինայի պրոդյուսերների ասոցիացիա» ՀԿ-ում, որին կից գործում է Օսկարյան կոմիտեն, հայտնում է vchaspik.ua-ն:
Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով, պրեմիերան այս տարվա հոկտեմբերի 3-ին է։ «Փարաջանովը» Օդեսայի միջազգային կինոփառատոնի լավագույն ուկրաինական ֆիլմ է ճանաչվել:
Ֆիլմը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին է, որի վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգին։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել գեղեցիկի հանդեպ սերը։
Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի ֆիլմն Ուկրաինայում էկրան կբարձրանա 2013թ. սեպտեմբերի 26-ին:
ԱՄՆ-ում «Օսկարի» ներկայացված ֆիլմերը 24 անվանակարգերում կհայտարարվեն 2014թ. հունվարի 16-ին, իսկ «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014թ. մարտի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre թատրոնում: