AM
15 Սեպտեմբեր 2013 - 09:42 AMT

Փարաջանովի «Նռան գույնը»՝ վրացուհի երաժիշտ Քեթի Մելուայի նոր տեսահոլովակում

20-րդ դարի ամենահայտնի վրացահայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը տարիներ շարունակ շատերին է ոգեշնչել։ Բացառություն չէ նաև վրացական արմատներով երաժիշտ Քեթի Մելուան (Katie Melua), ով ապրում ու ստեղծագործում է Լոնդոնում։ Նրա նոր՝ «Love Is A Silent Thief» տեսահոլովակում օգտագործված են կադրեր ռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմից։ Ինչպես գրել է ինքը՝ երգչուհին, երգը նվիրվում է Փարաջանովին:

«Այս երգը ռեժիսոր Փարաջանովի համար է։ Շնորհակալ եմ ոգեշնչելու համար»,- գրել է Մելուան։

Նոր տեսահոլովակը Քեթի Մելուայի «Ketevan» ալբոմից է, որի ռելիզը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 16-ին։ Ռելիզի օրն ու անունը, ի դեպ, պատահաբար չեն ընտրված՝ սեպտեմբերի 16-ը երգչուհու ծննդյան օրն է, իսկ Կետևանը՝ նրա վրացական անունը։ «Ketevan»-ը ջազ, բլյուզ ու ֆոլք-փոփ ժանրերում ստեղծագործող երգչուհու 6-րդ ձայնասկավառակն է, որը թողարկվում է նրա դեբյուտային՝ «Call Off The Search» ալբոմից տաս տարի անց։

«Նռան գույն»-ը Փարաջանովի ամենահայտնի ֆիլմերից է։ Այն թողարկվել է 1968թ․-ին ու նվիրված է Սայաթ-Նովային։ Ֆիլմի հեղինակային անունը, ի դեպ, հենց «Սայաթ-Նովա» է։ Գտնվելով գրաքննության ճնշման տակ ռեժիսորը ստիպված է եղել վերամոնտաժել ու փոխել ֆիլմի անունը։

Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ 1964թ․-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները»-ը ֆիլմից հետո Փարաջանովին սկսեցին դասել աշխարհի լավագույն կինոռեժիսորների շարքին։ «Նռան գույնը» Փարաջանովի հաջորդ գլուխգործոցն է։ Երկու ֆիլմերն էլ ենթարկվեցին խորհրդային գրաքննությանը, որի արդյունքում Կառավարությունը փոխեց իր վերաբերմունքը ռեժիսորի հանդեպ և 1973թ․-ի դեկտեմբերի 17-ին նրան 5 տարի ազատազրկման ենթարկեց ՝ մեղադրելով արվամոլության մեջ։

Բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին Փարաջանովի ազատազրկմանը, բայց նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։

Թբիլիսիում ապրելու ընթացքում տարիներ շարունակ Փարաջանովին արգելում էին ֆիլմեր նկարահանել, բայց 80-ականներին արգելքը հանվեց ու նա նկարահանեց «Սուրամի ամրոցի լեգենդն» (1984) ու «Աշուղ ղարիբը» ֆիլմերը, որոնք ռեժիսորի վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն են։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով․ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։ Փարաջանովը մահացավ քաղցկեղից`1990թ․-ի հուլիսին, Երևանում։