AM
27 Սեպտեմբեր 2013 - 09:25 AMT

Սոս Սարգսյան. Էսքան ապրելն ո՞ւմ է պետք՝ հոգնել, հոգնեցրել եմ

Մարդն ինքն իրեն քննադատում է. չգիտեմ՝ ուրիշների մոտ ինչպես է, բայց ես շատ հաճախ հիշում եմ իմ թերությունները, սխալները, որոնց համար ինձ շարունակ նախատում եմ:

Պետք է միշտ լսել հոգու կանչը` ինչը թելադրում, ուզում է…

Ձեն եմ տալիս՝ ոչ ոք չի պատասխանում։ Ոչ Խորիկը կա, ոչ Ֆրունզը, ոչ մեկը չկա. ձեն ձենի տված` գնացին։ Մեկ-մեկ նրանց ձայներն ականջովս են ընկնում, ուրախացած վեր եմ թռչում. լռություն է։ Գիտե՞ք` սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու` ուրիշ:

Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրա, և կապրենք այստեղ հավերժ։ Ոչնչացնել հայերին անհնար է։

Դերասանի կյանքը շատ հարուստ կյանք է, պարզվում է:

Արվեստը ճաշակ է, ճաշակ: Կա ճաշակ՝ արվեստ կա:

Լացկան եմ. ամեն չնչին բանից վիրավորվում, լացում եմ. առանց պատճառի էլ եմ լացում…

Համը հանում եմ արդեն. էսքան ապրելն ո՞ւմ է պետք։ Հոգնել, հոգնեցրել եմ, ամեն ինչ իր ժամանակն ունի, չէ՞: Մահն էլ պիտի ժամանակին գա, չի գալիս:

Փոքր ազգը պետք է ինքն իրեն գովի, ինքն իրեն բարձրացնի անընդհատ: Փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ լինի, ծնվի այդ մարդը: Օգնեք:

Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված: Դրա մասին եմ մտածում, որ միտքս տեղում լինի, բեռ չդառնամ որևէ մեկի համար, ցավ չդառնամ…

Բաներ կան, որ չեմ կարողանում ինձ ներել. բաներ, որոնք պիտի չարվեին, կամ որոնք պիտի արվեին…

Մարդն ուզի-չուզի, կյանքում սխալներ է անում: Հետո շուռ է գալիս, ասում` ինչի՞ արեցի այդ բանը, տառապում, տանջվում է: Չես կարողանում մոռանալ քո արած սխալը, ուտում ես քեզ…բայց ինչո՞ւ: Ամենավատ մարդն իր վատ արարքը չի կարող մոռանալ, չտառապել: Չի կարող:

Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու և գործելու:

Իմ մեջ չափազանց շատ է հայությունը՝ ինչո՞ւ պիտի գնայի ռուսական բեմում ռուսների համար խաղայի:

Երկու մարդու երբեք չեմ կարող մինչև վերջ հասկանալ՝ մեկն Անդրանիկն է, մեկը՝ Հովհաննես Թումանյանը: Ինձ համար դրանք անհասանելի մեծություններ են, իրենց ապրած կյանքի իմաստն ինձ համար խորհրդավոր ու անհասանելի է:

Երազում եմ, որ հայոց թատրոնը լինի հայոց թատրոն, ինչպես և ամեն ինչը, բայց թատրոնը՝ հատկապես: Թումանյանն ասում էր՝ եթե հայոց թատրոնում հայոց պիես չեն խաղում, դա հայոց թատրոն չի՝ ճիշտ էր ասում: Թատրոնը պիտի ունենա իր ազգային խաղացանկը, անպատճառ…

Մի անգամ ասացի՝ ինձնից նեղացան: Ասացի, որ հայերը թատերասեր ժողովուրդ չեն: Դա ճիշտ է, իմ ասածի մեջ ճշմարտություն կա…

Հիշեցի իմ մանկությունը, հանկարծ զգացի, թե ինչքան ծանր մանկություն էր: Մոռացել ենք այդ բոլորը, բայց իմ սերունդը սոսկալի բաներ է տեսել՝ հասարակ բան է, չէ՞, կոշիկը, բայց չկար…

Ինչո՞ւ պիտի վատատես լինեմ: Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբերան ժողովուրդ: Այսքան չի կարելի վատատես լինել, լավը չտեսնել: Շատ լավ բաներ են կատարվում… Չի կարելի նվնվալ, նվնվալ… Ինչքան շատ գանգատվենք, ինչքան շատ փնովենք՝ այնքան կվատանա վիճակը…

Ես գյուղացի տղա եմ, աշխատասեր ու աշխատունակ: Չարված գործեր կան, բայց ես ուզում եմ այդ գործը դնել իմ կյանքի որևէ մի տեղ՝ բաց տեղ չեմ գտնում՝ անընդհատ աշխատել եմ, անընդհատ լիքն է եղել կյանքս աշխատանքով:

Հայաստանն իմ երկիրն է՝ ինչ նախագահ, ինչ մինիստր, ինչ կուսակցություն, ինչ բան… Առաջին հերթին իմ երկիրն է, քո երկիրն է, ձեր երկիրն է, մեր բոլորի երկիրն է, այս բոլորը պիտի կարգի բերենք: Տիրոջ զգացողություն է պետք դրա համար:

Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր բանակն է: Ես դա համարում եմ զարմանալի երևույթ: Մեր օրենքներից, մեր դրվածքից, մեր պահվածքից, մեր կորցրած արժանապատվությունից դուրս մեր բանակն է: Խոնարհվում եմ այն մարդկանց առջև, ովքեր կարողացան մեր բանակը կառուցել:

Ես լռելու որոշում չեմ կայացրել, բայց խռովք ունեմ: Խռովքս գալիս է հենց հասարակության չկայացվածությունից, էն բազմաթիվ խնդիրներից, որոնք էսօր եկել ու կանգնել են մեր առաջ: Հայրենասիրության պակասի խնդիրը, մեր հոգևոր արժեքների հանդեպ անտարբերության խնդիրը… Շատ են…

Մի Կոմիտասով, մի Սարյանով, մի Խաչատրյանով, Համո Սահյանով ու Սևակով ավելի շատ բան կարող ենք ասել մեր մասին, քան բազմաթիվ հյուրանոցներով ու ռեստորաններով, որոնք, փառք Աստծո, այսօր նման են աշխարհի շատ ու շատ երկրներում կառուցված լավագույններին: Հոգու համար տեղ պիտի լինի, մեր ստեղծագործ էությունը ցույց տալու տեղ պիտի լինի:

Չեմ ընդունում այն բոլոր տրտունջները, թե ջահելությունը լավը չէ, թե մեր նման չէ: Լավ է, որ մեր նման չէ, որովհետև ավելի առաջադեմ է, ավելի ազատ ու համարձակ է: Ժամանակը զգացող է, այդ ժամանակի մեջ սեփական «ես»-ը հաստատող է: Իհարկե, շատ խնդիրներ ունի ջահելությունը, կիսատ-պռատ տեղեր շատ կան, բայց ինձ ուրախացնում և ոգևորում է այն զարմանալի նվիրվածությունը, որն ունի էս ջահելությունը: