Հայաստանի, որպես ՀԱՊԿ անդամի վրա, տարածվում են ՀԱՊԿ Կանոնադրության բոլոր դրույթները և Հայաստանի դեմ ռազմական հարվածի դեպքում այդ նորմերն, անկասկած, գործի կդրվեն: Այդ մասին հայտարարել է Կասպից համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի հրապարակային զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Զեկույցը կոչվում է «ՀԱՊԿ-ն ու Եվրասիայի անվտանգությունը» և ներկայացվել է Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ձևաչափով: Այսպես է նա մեկնաբանել Ադրբեջանի կողմից մշտապես հնչող սպառնալիքները Հայաստանի հասցեին: Միխեևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը ներկայանում է որպես անկախ պետություն, ոչ թե որպես Հայաստանի մաս: Որպես անկախ պետություն Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, ուստի, նրա վրա չի տարածվում ՀԱՊԿ իրավասությունը, հավելել է նա, հայտնում է Armenia Today-ը:
Իր հերթին Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Կազանցևն անդրադարձել է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը՝ նշելով, որ, ըստ բազմաթիվ փորձագետների, Հայաստանը դա անում է ռազմավարական նկատառումներով: «Հայաստանի համար ՀԱՊԿ-ում անդամակցության փաստն արդեն և ՀԱՊԿ հավասարակշռող դերը Հարավային Կովկասում հսկայական արժեք են, ուստի, ինչպես գտնում են փորձագետները, դա հաշվի առնելով էլ կայացվել է որոշումը»,-ասել է նա:
«Ես գտնում եմ, որ ՀԱՊԿ շրջանակներում հավասարակշռված են ընդունվում անվտանգությանն առնչվող հարցերը, և ոչ միայն ռազմական ոլորտում, այլ նաև հոգևոր ինքնիշխանության ու ՀԱՊԿ բոլոր պետությունների ազգամիջյան համաձայնության ոլորտներում»,-ասել է ՀԱՊԿ Քարտուղարության տեղեկատվական ծրագրերի վարչության խորհրդատու, Վերլուծական ասոցիացիայի համակարգող, պրոֆեսոր Իգոր Պանարինը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:
Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:
Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:
Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: