AM
13 January 2003 - 18:44 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԴԺՎԱՐԱՑՆԵԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Ադրբեջանի կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջեւ փոխըմբռնման բացակայությունը կարող է բարդացնել Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի կառուցման համար վարկ տրամադրելու գործընթացը: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն հայտարարել է Համաշխարհային բանկի Ադրբեջանի գծով մենեջեր Աքբար Նոմանը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին ԱՄՀ-ը հայտարարել էր աղքատության կրճատման ծրագրի եւ տնտեսական համագործակցության շուրջ Ադրբեջանի կառավարության հետ համաձայնության բացակայության մասին: ԱՄՀ պահանջները ներառում են Ադրբեջանում «Նավթային հիմնադրամի մասին» օրենքի նախապատրաստում եւ հաստատում, որի առկայության պարագայում հիմնադրամի ծախսերը կհաստատվեն օրենսդիր մարմնի կողմից: Բացի այդ, ԱՄՀ-ն դեմ է Նավթային հիմնադրամի միջոցների օգտագործմանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցման առեւտրային նախագծի համար, քանի որ դա հակասում է Նավթային հիմնադրամի միջոցների ծախսման կանոններին: