Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը ԱՊՀ երկրների արդյունաբերական տեխնոլոգիաների, արտադրության միջոցների, ապրանքների եւ ծառայությունների միջազգային ցուցահանդես-տոնավաճառին, որը կընթանա այս տարվա մայիսի 14-17-ը Կիեւում: Ռուսաստանի «Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն, այս օրերին Մոսկվայում քննարկվում են այդ միջոցառման կազմակերպական հարցերը: Տվյալ պահի դրությամբ, Հայաստանից բացի ցուցահանդեսին պատրաստվում են մասնակցել Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան եւ Տաջիկստանը: Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում նախատեսվում է խորհրդաժողովների, կլոր սեղանների եւ շնորհանդեսների անցկացում: