AM
4 April 2006 - 10:19 AMT

Ռ.Սաֆարովի փաստաբանները շեշտը կդնեն սպանության ժամանակ նրա «անմեղսունակության» վրա

Այսօր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի կունենա հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի գործով դատավարության վերջին նիստը: Սաֆարովների ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Ադիլ Իսմայլովը հայտարարել է, որ այսօր կամփոփվեն դատավարության արդյունքները: «Ռամիլը պետք է դատարանին դիմի վերջին խոսքով: Մենք դա քննարկել ենք նրա հետ: Նա իրեն նորմալ է զգում եւ դեռեւս ոչ մի բողոք չունի»: Ինչպես ասել է Ա.Իսմայլովը, այսօրվա նիստում կլսվեն կողմերի եզրափակիչ ելույթները: Սկզբում ելույթ կունենա պետական մեղադրողը, այնուհետեւ փաստաբանները, իսկ վերջում մեղադրյալին կտրվի վերջին խոսքը: Մինչդեռ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ռ.Սաֆարովի հունգար փաստաբանները լրջորեն են նախապատրաստվել դատական ելույթին: Փաստաբաններն իրենց ելույթը կկազմակերպեն այն բանի շուրջ, որ Գ.Մարգարյանի սպանության ժամանակ Ռ.Սաֆարովը «անմեղսագիտակ վիճակում է եղել»: Նրանք կխնդրեն դատարանին որակել Ռ.Սաֆարովի գործողությունները Հունգարիայի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով (անմեղսունակ վիճակում կատարված հանցագործություն):

Ինչպես արդեն հաղորդել է PanARMENIAN.Net գործակալությունը, Բուդապեշտ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը եւ փաստաբան Նազելի Վարդանյանը, որը ներկայացնում է Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը: Նրանք կմասնակցեն ապրիլի 4-ի դատական նիստին:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: Ռ.Սաֆարովի դատավճիռը կհրապարակվի ապրիլի 13-ին: