Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հուլիսի 22-ին նախատեսվող այցը Բաքու հերթական անգամ հետաձգվել է: Ինչպես նշում են Ադրբեջանի դիվանագիտական աղբյուրները, տեղեկացնում է ռուսական «Վրեմյա նովոստեյ» թերթը, Կրեմլը Բաքվից չի ստացել վստահումներ, որ նախագահ Հեյդար Ալիեւը նշված ժամանակին կվերադառնա Անկարայի «Գյուլհանե» զինվորական հոսպիտալից, որտեղ նա հուլիսի 8-ին շտապ մեկնել էր հերթական բժշկական ստուգման: Այսպիսով, վերջին ժամանակներս արդեն երրորդ անգամ Ռուսաստանի նախագահին չի հաջողվում հանդիպել Ադրբեջանի ղեկավարի հետ: Ինչպես թերթին հայտնել է ադրբեջանական ղեկավարությանը մոտ կանգնած փորձագետը, ավագ Ալիեւի համար շատ կարեւոր է քննարկել ռուս գործընկերոջ հետ իշխանությունը կրտսեր Ալիեւին հանձնելու խնդիրը: Բաքուն ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի աջակցությունն այդ հարցում, որպեսզի ցուցադրի Վաշինգտոնին, որ գահաժառանգության «ընտանեկան» տարբերակի նրա կողմից հավանության չարժանացնելը կարող է Բաքվին սերտորեն մոտեցնել Մոսկվայի եւ Թեհրանի հետ (միեւնույն ժամանակ Ադրբեջանում սպասվում է Իրանի նախագահ Մոհամադ Հաթամիի այցը):