AM
25 April 2006 - 12:24 AMT

Newsru.com. Վ.Աբրահամյանցի սպանության մեղադրանքով ձերբակալված պատանուց ցուցմունքները ստացվել են խաբեության միջոցով

Հայտնի են դարձել Մոսկվայի «Պուշկինսկայա» մետրոյի կայարանում հայազգի Վահան Աբրահամյանցի սպանության նոր մանրամասներ: Միանգամից մի քանի ռուսական թերթեր գրում են, որ սպանության մեղադրանքով ձերբակալված 17-ամյա Դենիս Կուլագինը չի կատարել այդ հանցագործությունը, հաղորդում է Newsru.com-ը: Դպրոցականի մոր խոսքերով, նա ինքն է ստիպել նրան խոստովանել, թե սպանություն է կատարել` քննիչների սպառնալիքների պատճառով: Բացի այդ, չի գտնվել սպանության գործիքը` դանակը, իսկ դիտարկման տեսախցիկները ոչինչ չեն նկարահանել: Այդպիսով, քննությունն ունի միայն անչափահասի խոստովանությունը, որին ապօրինի հարցաքննել են մի քանի ժամ շարունակ առանց մոր կամ փաստաբանի ներկայության: Կասկածելի է նաեւ այն փաստը, որ դանակով վիրավորվել է եւս երկու հոգի: Վերքերը վտանգավոր չէին, սակայն, ըստ զոհված ուսանողի ընտանիքի փաստաբանի, եւս երկու վիրավորների առկայությունը լիովին հերքում է միայնակ մարդասպանի մասին վարկածը:

Ինչպես հայտարարել է Դենիս Կուլագինի մայրը` Օլգա Կուլագինան, նա Դենիսից իմացել է, որ իր որդին հարեւաններ Իլյաի եւ Կոստյաի հետ գնացել են Մարյինո, տեսնելու «Սպարտակի» եւ «Լոկոմոտիվի» ֆանատների ծեծկռտուքը: «Դենիսն ասաց, որ այդ մասին նրանց պատմել են «Լոկոմոտիվի» ուրիշ ֆանատներ»,-ասում է Կուլագինան,-միլիցիայի դպրոցի կուրսանտ Լազարը եւ Վահան անունով մի ուսանող: Նրանց հետ տղաները պայմանավորվել են հանդիպել «Պուշկինսկայա» մետրոյի կայարանում: Դենիսը, Իլյան եւ Կոստյան սկզբից գնացել են Ժաննայի ետեւից: Այդ աղջկա հետ Դենիսն ընկերություն է անում արդեն հինգ ամիս»: «Լազարի եւ Վահանի հետ տղաները հանդիպել են 4.30-ին: Հավաքվել են 12 տղաներ: Նրանցից երկուսը` Լազարը եւ Վահանը բարձրացել են փողոց ծխելու: 16.45-ին նրանք վազքով իջել են շարժասանդուղքով եւ վազել դեպի Իլյան, Կոստյան եւ Դենիսը: Նրանք միայն հասցրել են ասել. «Մեր ետեւից գալիս են կամ հետեւում են»: Եվ միանգամից տղաների վրա հարվածներ են տեղացել: Նրանց ծեծում էին կաշվե բաճկոններով սափրագլուխները: Ծեծում էին ուժեղ` տղաներից մեկը գանգուղեղային վնասվածք է ստացել: Դենիսը դանակ է տեսել հարձակվողներից մեկի ձեռքում , բռնել է Ժաննայի ձեռքը եւ նրանք հասցրել են մտնել վագոն: Հասել են մինչեւ մետրոյի «Բարիկադնայա» կայարան: Հետո վերադարձել են «Պուշկինսկայա» կայարան, մոտեցել են միլիցիոներներին եւ պատմել հարձակման մասին: Այդպես էլ նրանք հայտնվել են միլիցիայում»,-պատմել է Օլգա Կուլագինան:

«Երբ ես եկա, մեզ այլընտրանք առաջարկեցին` կամ Դենիսը կնստի 15 տարի ազգային հողի վրա կատարված սպանության համար կամ անձնական հակակրանքից կատարված սպանության համար` պաշտպանելով աղջկա պատիվը: «Սիրային եռանկյունում» կատարված սպանության համար քննիչը խոստացավ «պայմանական» կամ աննշան դատավճիռ: Եվ խնդրեց խոստովանություն գրել: Ես պնդեցի, որ Դենիսը ստորագրի, որ բախումը աղջկա պատճառով է եղել»,-ասել է Կուլագինան: Նա նաեւ ուշադրություն է դարձրել, որ իր որդին բոլորովին նման չէ որոնվող կասկածյալին: «Մարդասպանի ֆոտոռոբոտը հետեւյալն է` սափրագլուխ, նշված է հասակը` 160, աչքերը դուրս թռած, կրել է մուգ գույնի բաճկոն, սեւ ջինսեր եւ բանակային կոշիկներ»: Այդպես են նկարագրել Վահանի սպանողին ականատեսները: Իսկ իմ որդու մազերը գանգուր են, հասակը` 180, հագել էր գորշ բաճկոն, երկնագույն ջինսեր եւ սպիտակ սպորտային կոշիկներ»,-պատմել է Օլգա Կուլագինան: Նշենք, որ պրոֆեսիոնալ փաստաբանի հետ շփվելուց հետո Դենիս Կուլագինը հրաժարվել է իր ցուցմունքներից: