Հայաստանում կանցնի Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը՝ նվիրված ինտեգրման ու հաղորդակցության խնդիրներին: Փետրվարի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացման արարողությունը կցուցադրվի «Ամառը փետրվարին» ֆիլմը: Երևանի 3 կինոթատրոնում՝ «Մոսկվա», «Նաիրի» ու «Սինեմա Սթարում» կինոնկարները կցուցադրվեն անգլերենով ու հայերեն ենթագրերով: Կկազմակերպվեն նաև վարպետության դասեր ու մրցույթներ: Փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն նաև Գորիսում, Գավառում ու Գյումրիում: Այս տարի փառատոնի հյուրերն են Բրիտանական խորհրդի կինոյի բաժնի խորհրդական Քրիստին Բարդսլինն ու «Միամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը, հայտնում է Armenia Today-ը:
Մեծ Բրիտանիայի, ՅՈւՆԻՍԵՖ-ի ու «ԱրմենՏել» ՓԲԸ աջակցությամբ փառատոնը կազմակերպում է Հայաստանում Բրիտանական խորհուրդը:
Իսկ մարտի 1-2-ին ճապոնացի վարպետ Յամադա-սենսեյը Երևանում կիմոնոյի ցուցադրություն կանցկացնի, իկեբանայի ու սումի-է նկարչության տեխնիկայի վարպետության դասեր, հայտնել է հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի փոխնախագահ Լուսինե Թանգյանը, գրում է «Նովոստի-Արմենիան»:
«Ճապոնիայի դեսպանության, Հայաստանի Գեղագիտական ազգային կենտրոնի ու «Հիկարի» կենտրոնի կազմակերպած միջոցառումները կանցնեն Հայաստանի Նկարիչների միությունում»,- ասել է նա:
Միջոցառումները կմեկնարկեն մարտի 1-ին, որից հետո իկեբանայի վարպետության դաս կլինի: Հաջորդ օրն առավոտյան կանցնի սումի-է նկարչության տեխնիկայի վարպետության դաս, ցերեկը՝ ճապոնական թեյախմության արարողությունը, իսկ նույն օրվա երեկոյան ճապոնական կիմոնոներ կցուցադրվեն:
Սումի-է-ն գեղանկարչության տեսակ է, որն արվում է ջրով և տուշով: Այս արվեստն առաջացել է Չինաստանում, իսկ XIV դարում տարածվել է նաև Ճապոնիայում: Առանձնահատկությունը սև գույնի գերիշխումն է:
«Այսպիսի միջոցառումներ մեր կենտրոնը կազմակերպում է արդեն երրորդ տարին, սակայն հատուկ Ճապոնիայից բերված կիմոնոների ցուցադրությունն առաջինը կլինի»,- նշել է Թանգյանը:
Նա նաև հայտնել է, որ ինչպես միջոցառումների, այնպես էլ վարպետության դասերի մուտքն ազատ է լինելու, բայց վերջինի դեպքում անհրաժեշտ է նախապես գրանցվել:
Բացի այդ, Հայաստանը կմասնակցի IX Միջագային ուղղափառ «Հանդիպում» կինոփառատոնին, որը կբացվի փետրվարի 21-ին ՌԴ Կալուգայի շրջանում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Կինոփառատոնում կցուցադրվի 311 խաղարկային, փաստագրական ու անիմացիոն ֆիլմ 9 երկրից:
Հայաստանից բացի մասնակցության հայտ են ներկայացրել Ֆրանսիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուկրաինան, Բելառուսը, Սերբիան ու Վրաստանը:
Այս տարի կիոնփառատոնը նվիրված է Սերգի Ռադոնեժսկու ծննդյան 700-ամյակին և կանցնի Օբնինսկում չորս հարթակներում: