Ռուսաստանում օտարերկացիների նկատմամբ ազգայնամոլական դրսեւորումները ուղղված են Ռուսաստանի միասնության դեմ, հայտարարել է հայ կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Միքայել Դովլաթյանը: Նրա խոսքերով, քաղաքացիական պատերազմները հենց այդպիսի դեպքերից են սկսում: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Օկտյաբրսկայա մետրոյի կայարանի գետնանցումում` «Ակադեմիչեսկայա» հյուրանոցի մոտակայքում, անհայտ անձինք հարձակվել են Դովլաթյանի վրա: Դովլաթյանը գարեջրի շշով հարված է ստացել գլխին, որից հետո խումբը ցրվել է: Մ. Դովլաթյանը Մոսկվայում է գտնվել Ազգային կինեմատոգրաֆների համաժողովում մասնակցելու համար:
Կինոռեժիսորը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համադաշնությունը նամակ է հղել Ռուսաստանի եւ Մոսկվայի կառավարությանը, որում իր վերաբերմուն քն է արտահայտել Միքայել Դովլաթյանի վրա հարձակման փաստի կապակցությամբ: Մասնավորապես, նամակում անհանգստություն է արտահայտվում այն առումով, որ այլատյացության այդպիսի դրսեւորումները սպառնալիքի տակ են դնում երկու երկրների հումանիտար համագործակցության զարգացումը: