AM
18 July 2003 - 13:57 AMT

ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՉԻ ԿՈՐՑՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պատրաստ է նախաձեռնություն ցուցաբերել` ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, Փարիզում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը` Հայաստանի պատվիրակության Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ավարտին: Մեկնաբանելով հուլիսի 16-ին Փարիզում կայացած Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը, նախարարը նշել է, որ «Ժակ Շիրակը չի կորցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ իր հետաքրքրությունը»: «Ավելին, նա պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել խնդրի լուծմանը սեղմ ժամկետներում հասնելու համար», – ասել է Վ. Օսկանյանը: Նրա խոսքերով` Ֆրանսիայի նախագահը Ռոբերտ Քոչարյանին հայտնել է, որ կանոնավոր կերպով քննարկում է ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարների հետ: