AM
24 December 2002 - 18:23 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ «ՄՆՈՒՄ Է ՏԱԳՆԱՊԱԼԻ»

Խոսքի ազատության հետ կապված իրավիճակը ԱՊՀ երկրների մեծ մասում մնում է «տագնապալի»: Այդ մասին ասվում է Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մշակույթի, գիտության եւ կրթության գծով կոմիտեի նախապատրաստված զեկույցում: Նման երկրների թվում, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նշվում են Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանը եւ Ուկրաինան: Զեկույցի յոթ հոդված նվիրված է անմիջապես Ադրբեջանին, որոնցում նշվում է, որ ԵԽ հանդեպ Ադրբեջանի գլխավոր պարտավարություններից մեկը պետական հեռուստատեսության վերափոխումն է հանրայինի: Սակայն, Ադրբեջանի խորհրդարանի 2002 թ. հոկտեմբերին ընդունած համապատասխան օրենքի համաձայն, հանրային հեռուստատեսության ղեկավարությունը կրկին պետք է նշանակվի իշխանությունների կողմից: Դրանով իսկ պետության ղեկավարը կպահպանի վերահսկողությունը էլեկտրոնային ԶԼՄ-ի նկատմամբ, նշվում է փաստաթղթում: Զեկույցում բացասական է գնահատվել նաեւ ԶԼՄ-ներում պետական գաղտնիքի պահպանման վերաբերյալ Հեյդար Ալիեւի օգոստոսյան հրամանագիրը: Բազմաթիվ միջազգային կազմակերպությունների վճռական բողոքներից հետո միայն պետության ղեկավարը հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել պետական գաղտնիքի մասին նոր օրենք: Զեկույցում հիշատակվում են նաեւ անկախ եւ ընդդիմադիր թերթերի հետապնդման դեպքեր, որոնց նկատմամբ դատական հայցեր են հարուցվել իշխանության բարձր ատյաններում կոռուպցիայի փաստերի առնչությամբ հոդվածների համար: Զեկույցում առանձին կետով մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի ԶԼՄ-ներում տիրող մթնոլորտի առնչությամբ: Մասնավորապես, հիշատակվում է «իշխանություններին մոտ կանգնած» ANS հեռուստաալիքի հաղորդումը որբ-երեխաներից մահապարտներ նախապատրաստելու անհրաժեշտության մասին: Զեկույցի առնչությամբ ընդունված ԵԽԽՎ բանաձեւում մտահոգություն է հայտնվում գոյություն ունեցող խնդիրների առնչությամբ եւ ԵԽ Նախարարների կոմիտեին առաջարկվում է վերոհիշյալ երկրների իշխանություններից պահանջել հարգել եւ կատարել Եվրախորհրդի հանդեպ իրենց պարտավորությունները: