«Երևանյան միջազգային տանգո» փառատոնի շրջանակում ապրիլի 14-ին Երևանի օպերային թատրոնի ծրագրում «Օրկեստր+ Կադանս» համերգն է «Օրկեստր+» շարքից: Համերգին ելույթ կունենա «Կադանս» անսամբլը, որը հետևելով Պիացոլլայի երաժշտական արվեստին, կատարում է նաև եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքներ: Հարվածայինների վրա կնվագի Արսեն Տեր-Տաճատյանը, երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Կարեն Դուրգարյանն է, իսկ նախագծի հեղինակը՝ Շմավոն Գրիգորյանը։
«Կադանս» անսամբլն իր գործունեության ընթացքում ելույթ է ունեցել Արգենտինայում` Բուենոս Այրեսի «Կոլոն» և «Սերվանտես» հանրաճանաչ թատրոններում, Կաունասում և Վիլնյուսում Pazaislis փառատոնի շրջանակում, Թեհրանում, Թբիլիսիում, Աբու Դաբիում, Շարժայում և Դուբայում, Կահիրեի և Ալեքսանդրիայի օպերային թատրոններում, Բիբլոսում և Բեյրութում:
«Էքսպրեսիա» նախագիծը ներկայացվել է Փարիզում, Լոնդոնում և Բրյուսելում, Մոնրեալում, Նիկոզիայում և Բեյրութում, Լոս Անջելեսում, Աթենքում և Սալոնիկում, Ռիադում և Սլովենիայում, Կիևի և Օդեսայի օպերային թատրոններում:
2010-ին Հաայստանի մշակույթի նախարարության և «Մեցցո» պրոդյուսերական ընկերության մասնակցությամբ «Կադանս» երաժշտական կենտրոնը հիմնադրեց «Երևանյան տանգո» միջազգային փառատոնը, Ռիչարդ Գալլիանոյի, արգենտինացի հայտնի դիրիժոր Ֆակունդո Ագուտինի և բանդոնեոնահար Մարսելո Նիսինմանի հետ: 2013-ի նոյեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգասրահում «Կադանս»-ը փայլուն ելույթ ունեցավ:
Համերգին հարվածայինների վրա հանդես եկող Արսեն Տեր-Տաճատյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև Գերմանիայի Վյուրցբուրգի երաժշտական ակադեմիայում ստացել հարվածային գործիքների մենակատարի որակավորում: Աշխատել է Գերմանիայի «Ազգերի ֆիլհարմոնիա» նվագախմբում Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ, ինչպես նաև Աթենքի սիմֆոնիկ նվագախմբում: Այժմ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հարվածային գործիքների խմբի կոնցերտմայստերն է, իսկ Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում հարվածային գործիքների ուսուցիչն է: Արսեն Տեր-Տաճատյանը միջազ¬գային երաժշտական մրցույթների և փառատոների դափնեկիր է: Մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտերկրում՝ Հունաստանում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում ու Շվեյցարիայում:






