Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի վթարում զոհվածների մարմիններով երկրորդ ինքնաթիռի ժամանումը սպասվում է մայիսի 5-ի երեկոյան: Այդ մասին հաղորդել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության տարածքային ինտեգրման իրավունքների վարչության պետ Խաչատուր Վարդանյանը, որը զոհերի դիակները հանրապետություն տեղափոխելու եւ հուղարկավորության կազմակերպման հարցերով միջկառավարական հանձնաժողովի անդամ է: Նրա խոսքերով, զոհվածների դիակները տեղափոխող ինքնաթիռի ժամանման ժամը դեռեւս հայտնի չէ: «Թե զոհվածների քանի դիակ կտեղափոխվի Երեւան կախված է նրանց, թե քանի քաղաքացու ինքնություն կհաստատվի մինչ այդ եւ կցանկանան արդյոք հարազատները հուղարկավորել նրանց Հայաստանում»,-ասել է նա: Խ.Վարդանյանի խոսքերով, չի որոշվել նաեւ Սոչիից Երեւան կառավարական պատվիրակության վերադառնալու ժամկետը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: