Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ստահոդ է անվանել ադրբեջանցի գեներալ Վագիֆ Ռասուլովի հասցեին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշեւի մեղադրանքները լրտեսության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը պատասխանել է Ռուսաստանի ԱԴԾ ղեկավարի հայտարարությանը: «Մեր պատասխանը կայանում է նրանում, որ Վագիֆ Ռասուլովն արդեն վաղուց Բաքվում է գտնվում, նրա ծառայության ժամկետը լրացել է, եւ նա նոր պաշտոնում է նշանակվել», – հայտարարել է նախարարը` ավելացնելով, որ «լրտեսը նա է, ով խոսում է լրտեսության մասին»: Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի ԱԴԾ տնօրենը հայտարարել էր Մոսկվայում ԱՊՀ Ռազմական համագործակցության շտաբում Ադրբեջանի ներկայացուցիչ Վագիֆ Ռասուլովի կողմից իրականացվող Ռուսաստանի շահերին վնասող գործունեության կանխման մասին: Նրա մոտից առգրավվել էր փաստաթղթերի փաթեթ, այդ թվուն նաեւ պետական գաղտնիքներ պարունակող: Ռասուլովն արտաքսվել է Ռուսաստանից` զրկվելով նաեւ այդ երկիր 5 տարվա ընթացքում մուտք գործելու իրավունքից: