AM
24 Մայիս 2014 - 14:01 AMT

Կաննում պատրաստվում են ամփոփել արդյունքները․ Ո՞ր ֆիլմերն են Արմավենու հավակնորդները

Արդեն այսօր՝ մայիսի 24-ի երեկոյան, պարզ կադառնա, թե ով է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրը։ Ամեն տարի ընտրությունը կատարելու ու ամենալավին ընտրելու համար պրոֆեսիոնալ ֆիլմարտադրողներից ու դերասաններից կազմված ժյուրին դիտում է մրցող բոլոր ֆիլմերը։ Այս տարի Արմավենու ոսկե ճյուղի համար պայքարում է 18 ֆիլմ՝ Ատոմ Էգոյանի «Գերին», Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆանը», Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռվա քունը», Բերտրան Բոնելոյի «Սեն Լորանը», Օլիվյե Ասայասի «Զիլս Մարիան», Դևիդ Քրոնենբերգի «Աստղային քարտեզը», Ժան Պիեռ և Լյուկ Դարդենների «Երկու օր, մեկ գիշերը», Քսավիե Դոլանի «Մայրիկը», Ժան Լյուկ Գոդարի «Ցտեսություն, բառեր», Միշել Խազանավիչուսի «Որոնումը», Թոմի Լի Ջոնսի «Տեղացին», Նաոմի Կավասեի «Still the Water»-ը, Քեն Լոուչի «Ջիմիի դահլիճը», Մայքլ Լիի «Ուիլյամ Թըրները», Դամիան Շիֆրոնի «Վայրի պատմությունները», Բենեթ Միլլերի «Աղվեսներ որսացողը», Ալիչե Ռորվաքերի Le Meraviglie-ն և Աբդերահման Սիսակոյի «Թռչունների ցավը»:

Քանի որ ժյուրին գլխավորում է զելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը, փորձագետներից շատերը ենթադրում են, որ գլխավոր մրցանակը կարող է հասնել հենց կին ռեժիսորի։ Հիմնական ծրագրում նրանք երկուսն են՝ Ալիչե Ռորվախերի «Հրաշքները» (Le Meraviglie) ու Նաոմի Կավասեի «Անշարժ ջրային մակերեսը» (Still the Water)։

Այս ամենը, իհարկե, միայն ենթադրություններ են, իսկ թե ով կհաղթի՝ պարզ կդառնա արդեն մի քանի ժամից։ Բայց մասնագետները, այնուամենայնիվ, առանձնացնում են 6 ֆիլմ, որոնք Արմավենու հիմնական հավակնորդներն են։ Indiewire-ն առանձնացրել է դրանք ու մի փոքր վերլուծել։

«Մայրը» (Mommy)

Չնայած կանադացի ռեժիսոր Խավիեր Դոլանն ընդամենը 25 տարեկան է, նրա արվեստն արդեն կարելի է առանձնացնել 5 կետով։ Ըստ դրանց, Կաննում շատերն են համաձայն, որ 2 ժամից ավելի տևող անհաջողակ միայնակ մոր ու նրա դեռահաս պրոբլեմատիկ որդու մասին պատմող այս ֆիլմը ռեժիսորի լավագույն աշխատանքն է։ Չնայած «մուգ բաղադրիչներին», «Մայրն» այս տարվա մրցույթի լավագույն ֆիլմերից է։ Մինչ շատերը կարող են կարծել, թե Դոլանի տարիքը սահմանափակում է հաղթելու նրա հնարավորությունները, ժյուրին գլխավորող Քեմփիոնը հայտարարել է երիտասարդ ու խոստումնալից տաղանդներին սատարելու մասին։

«Լևիաֆան» (Leviathan)

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևն առաջին անգամ չէ Կաննում։ Վերջին անգամ կինոփառատոնում նրա «Ելենա»-ն հաղթեց «Հատուկ հայացք» ծրագրում։ Բայց ռեժիսորը երբեք չի ներկայացրել մի ֆիլմ, որն այդքան կընդունվեր հանրության կողմից, որքան էպիկ «Լևիաֆան»-ն է։ Ֆիլմում ներկայացված է մտածելու տեղիք տվող ու միաժամանակ սև հումորային պատմություն փոքրիկ քաղաքում ապրող մի ընտանիքի մասին, ում կյանքը դժողքի է վերածվում, երբ կոռումպացված քաղաքապետը սկսում է սպառնալ բռնագրավել նրանց հողամասը։

«Երկու օր, մեկ գիշեր» (Two Days, One Night)

Եթե բելգիացի ռեժիսորներ Ժան Պիեր ու Լյուկ Դարդեններն այս տարի արժանանան Արմավենուն, ապա դա փառատոնի պատմության մեջ առաջին դեպքը կլինի, երբ նույն մարդիկ մրցանակը տուն են տանում երկուսից ավելի անգամ (նախկինում նրանք արդեն արժանացել են այդ մրցանակին The Child ու Rosetta ֆիլմերի համար)։ Սոցիալ-ռեալիստական դրամայի վարպետներն այս ուշագրավ պատմությամբ ցույց են տալիս իրենց հրաշագործությունը։ Մարիոն Կոտիյարը խաղում է մի կնոջ դեր, ում ամուսինը պետք է օգնի ընդամենը 2 հանգստայն օրվա ընթացքում, այցելելով գործընկերներին, համոզել նրանց հրաժարվել իրենց բոնուսներից, որպեսզի նա կարողանա պահպանել իր աշխատանքը։ Իմիջիայլոց, այս դերի համար Կոտիյարը կարող է նաև դերասանական որևէ մրցանակ ստանալ։ Եթե ժյուրին որոշի, որ ուզում է մրցանակը տալ հզոր ֆիլմի, ինչի շուրջ համաձայնության կգան, ապա «Երկու օր, մեկ գիշեր»-ը հենց այդ ֆիլմն է, գրում է կայքը։

«Ձմռան քունը» (Winter Sleep)

Ծրագրում մրցող հաջորդ ֆիլմը թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Զեյլանի «Ձմռան քունն» է։ Անցյալում նա արդեն մի քանի այլ մրցանակներ է ստացել կինոփառատոնում իր Once Upon a Time in Anatolia ու Climates ֆիլմերի համար։ Ավելի քան 3 ժամ տևող «Ձմռան քունը» նրա ամենաերկար ու, կարելի է ասել, ամենամեծ ձեռքբերումն է․ ֆիլմի հիմքում շեքսպիրյան պատմություն է հարուստ ձեռներեցի մասին, ով մտորում է իր ապրելակերպի շուրջ։ Այստեղ Զեյլանն ապացուցում է, որ վիզուալ իրականություն կառուցելու ու հերոսների կերպարները մանրամասնելու ամենալավ վարպետը հենց ինքն է։

«Ցտեսություն, լեզու» (Goodbye to Language)

Շրջապատում լավագույնս ճանաչված ռեժիսորներից մեկը՝ Ժան-Լյուկ Գոդարը, շարունակում է լայնացնել կինոյի սահմաններն ու սադրիչ փորձեր անել ձևի հետ։ Նրա վերջին ֆիլմ-էսսեն պատմում է ընտանեկան մի զույգի մասին, որը դադարում է հասկանալ միմյանց։ Շփման միակ տարբերակը մնում է շունը, որը, պարզվում է, կարող է բավականին լավ «թարգմանիչ» դառնալ այն մարդկանց համար, ովքեր կորցրել են լսելու ու լսված լինելու ունակությունը։ Ֆիլմն արդեն հասցրել է դուր գալ ռեժիսորի երկրպագուներից շատերին։ Գոդարը 83 տարեկան է, բայց դեռ ոչ մի անգամ Արմավենու չի արժանացել, ու չի բացառվում, որ ժյուրին կարող է որոշել՝ նրա ժամանակը եկել է։ Եթե նա իրոք ստանա Կաննի գլխավոր մրցանակը, ապա դա կարող է նշանակել, որ ոչ կոմերցիալ կինոն դեռ կարող է լայն ուշադրության արժանանալ։

«Զիլս Մարիայի ամպերը» (Clouds of Sils Maria)

Կաննի մասնակիցները հաճախ կարծում են, որ ցուցադրության ցուցակի եզրափակչում հայտնվելը լավ նշան չէ, բայց ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Ասսայասի ֆիլմը կոտրում է կարծրատիպերը։ Ասսայասը, կարելի է ասել, նույնպես Կաննի մշտական մասնակիցներից է (նա անգամ երեք տարի առաջ ժյուրիի կազմում է եղել), ու աշխարհում շատերը նրան համարում են ֆրանսիացի ժամանակակից լավագույն ռեժիսորներից մեկը։

«Զիլս Մարիայի ամպերն» այնքան «շատախոս» ֆիլմ է, որ գլխավոր մրցանակը ստանալու հավանականությունը կարող է փոքր թվալ։ Այնուամենայնիվ, երկրպագուներն արդեն առանձնացնում են դրա հաջորդականությունը, քանի որ այն ինտելեկտուալ մակարդակով ցույց է տալիս կինոաշխարհի խոչընդոտներն ու փառքի խելագարությունը։

Ֆիլմի հիմքում հետևյալ պատմությունն է․ 18 տարեկանում Մարիա Էնդերսի հաջողված դեբյուտն էր MalojaSnake պիեսում։ Նա կատարում է ամբիցիոզ աղջկա՝ Սիգրիդի դերը, ով նախ հմայում է Էլենա անունով կնոջը, այնուհետև նրան ինքնասպանության հասցնում։ Այդ դերը փոխում է աղջկա կյանքը։ Ավելի քան 20 տարի անց արդեն հայտնի Մարիային հրավիրում են Ցյուրիխ, որտեղ ռեժիսոր Վիլգելմ Մելխիորի անունից, ում շնորհիվ նա ժամանակին ճանաչվել էր, պետք է պարգև հանձնեն․ վերջինս այժմ ապրում է շվեյցարական Զիլս Մարիա գյուղում։ Բայց միջոցառման մեկնարկից մի քանի ժամ առաջ ռեժիսորի անսպասելի մահը Մարիա Էնդերսին դեպի անցյալ է տանում, ու այն սկսում է վերադառնալ։