ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի բնակչի նկատմամբ ազգային, ռասսայական կամ կրոնական շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Չորաթան գյուղի 25-ամյա բնակիչն իր անձնական օգտագործման «ԶԻԼ-130» մակնիշի 59 ՏԼ 042 պետհամարանիշի ավտոմեքենայով, իր տան շինարարական աշխատանքների համար ավազ տեղափոխելու նպատակով, գտնվել է Չորաթան գյուղին պատկանող «Ներքին Շեն» կոչվող հանդամասում, որտեղ ադրբեջանական մարտական դիրքերից, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, կրակոցներ են արձակվել բնակչի և նրա մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մեքենան վնասվել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։ Կատարվում է նախաքննություն։
Հուլիսի վերջից սկսած ու մի քանի օր տևած ադրբեջանական ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի 2-րդ կեսին Փարիզում բանակցությունների անցկացման համար:
Մինչ այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:






