AM
9 October 2014 - 17:17 AMT

Ռենո. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Փարիզում վստահության հաստատման ուղիներ են փնտրելու

Փարիզն ու Բեռլինը մեծ հույսեր են կապում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հոկտեմբերի վերջին Ֆրանսիայում նախատեսվող հանդիպման հետ:

Երկու երկրի նախագահների հանդիպումը, ինչպես նախատեսվում է, կկայանա Ֆրանսիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 27-ին:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղության հասնելու հույս ունի:

«Իր տարածաշրջանային այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է կողմերի միջև երկխոսության խթանման անհրաժեշտությունը, որպեսզի ներկայացվեն ու մշակվեն գործիքները, որոնք կնպաստեն կողմերի միջև վստահության ձևավորմանը՝ հետապնդելով հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքնի նպատակ ու բացառելով խաղաղ բնակչության ու զինվորականների շրջանում զոհերը»,- նշել է Ռենոն, հաղորդում է Armenia Today-ը:

Նրա խոսքով, պետք է հարցի երկարաժամկետ լուծում գտնել ու հիմնվել ԵԱՀԿ ՄԽ առաջարկած սկզբունքների վրա, և հենց այս երեք սկզբունքների հիման վրա կոնֆլիկտի կարգավորումն էլ լինելու է Փարիզի հանդիպման հիմնական թեման:

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն էլ իր հերթին նշել է, որ առանց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում առաջխաղացումն անհնար է:

«Շատ կարևոր է, որ հանդիպեն որոշումներ կայացնող անձինք: Թեպետ ղարաբաղյան հարցում երկու կողմից էլ թշնամական հայտարարություններ են հաճախ հնչում, սակայն օգուտ կա. 20 տարի հաջողվել է պահպանել ստեղծված իրավիճակը», – ասել է դեսպանը, հաղորդում է Aysor.am-ը:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի 2-րդ կեսին Փարիզում բանակցությունների անցկացման համար:

Մինչ այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Հուլիսի վերջից սկսած ու մի քանի օր տևած ադրբեջանական ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները: