Հայ-վրացական հարաբերությունները վատթարացման միտում ունեն: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Սպեքտրում» ռազմավարական վերլուծության կենտրոնի փորձագետ Սերգեյ Սարգսյանը: Նրա խոսքերով, վատթարացումը պայմանավորված է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությամբ: «Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական ազդեցության թուլացումը եւ հակառակը, ԱՄՆ դերի ամրացումը Հարավային Կովկասում հանգեցրեցին գերակայությունների փոփոխմանը, որի հետեւանքով տարածաշրջանի երկրները ստիպված են վերանայել անվտանգության համակարգի իրենց հայեցակարգը»,-ասել է նա: Ըստ Սարգսյանի, հարաբերությունների լարվածությանը նպաստում են նաեւ Թուրքիայի ռազմաքաղաքական դոկտրինի փոփոխությունը, հակամարտությունների առկայությունը եւ անդամակացությունը տարբեր դաշինքներին: «Ադրբեջանն ու Վրաստանը ձգտում են ՆԱՏՕ, Հայաստանը ավելի հակված է դեպի Իրանը եւ անդամակցում է ՀԱՊԿ-ին: Կան նաեւ տնտեսական եւ ճանապարհային ծախսերի աճի խնդիրը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ եւ հայ-վրացական հարաբերությունների ամենացավոտ հարցը` Ջավախքի խնդիրը»,-ընդգծել է փորձագետը:
Իր հերթին Վրաստանի Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտի փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին նշել է, որ Վրաստանը հակահայկական քաղաքականություն չի վարում Ջավախքում: «Ես համաձայյն եմ, որ այնտեղ վատ ճանապարհներ են, սակայն դա ամբողջ Վրաստանի խնդիրն է` մեր բոլոր ճանապարհրներն են վատը: Ինչ վերաբերում է դպրոցներում վրաց լեզվի պարտադիր ուսուցմանը, ապա դա առաջին հերթին հարկավոր է Ջավախքի հայերին: Հայ բնակչությունը կկարողանա իրեն դրսեւորել միայն այն դեպքում, եթե գիտի պետական լեզուն: Այդպես է բոլոր երկրներում եւ Վրաստանը բացառություն չէ»,-հայտարարել է Պաատա Զաքարեիշվիլին: Նա նաեւ նշել է, որ հայերը կազմում են Ջավախքի բնակչության 54 տոկոսը: