Հունիսի 17-ին, շաբաթ օրը, տեղի կունենա Երեւան-Բաթումի-Երեւան արագընթաց ուղեւորատար գնացքի առաջին երթի ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Հայկական երկաթուղու (ՀԵՈՒ) փոխադրումների վարչության պետ Հակոբ Խրիմյանի խոսքերով, առաջին ուղեւորությունը նախատեսվում էր կատարել հունիսի 15-ին, սակայն ժամկետը հետաձգվեց Վրաստանի փոխվարչապետի խնդրանքով, որը ցանկություն հայտնեց մասնակցել ճանապարհման արարողությանը: Միջոցառմանը կմասնակցեն նաեւ ՀՀ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ Հայաստանի ու Վրաստանի երկաթուղիների ղեկավարները: Հ.Խրիմյանը նշել է, որ Երեւան-Բաթումի գնացքը մեկնում է շաբաթվա կենտ օրերին:
Նշենք, որ երկաթուղային հաղորդակցությունը բացվել է հայ զբոսաշրջիկների ամառային հանգիստը Վրաստանում` Սեւ ծովի ափին կազմակերպելու համար: Գնացքը Երեւանից կմեկնի 21:10-ին տեղի ժամանակով եւ Բաթումի կժամանի 13:40-ին: Մեկ տոմսի արժեքը երկտեղ կուպեյում Երեւանից Բաթումի մեկնելիս կկազմի 18, 703 հազար դրամ, իսկ քառատեղ կուպեում` 9,297 հազար դրամ: Մինչդեռ Բաթումից Երեւան մեկնելիս երկտեղանի կուպեում տեղի համար հարկ կլինի վճարել 21, 256 հազար դրամ, իսկ քառատեղ կուպեում` 10, 542 հազար դրամ, հաղորդում է Apsny.Ge-ն: