Ֆրանսիացի ձեռներեցները ցանկություն են հայտնել հարյուր նոր ծրագիր իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանը` մեկնաբանելով Փարիզ եւ ԱՄՆ կատարած իր այցի արդյունքները: Նրա խոսքերով, 2003 թ. նախատեսվում է Ստեփանակերտում առողջարանային համալիրի եւ եկեղեցու կառուցում: Արտասահմանի հայ ձեռներեցների կողմից առաջարկվել են Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտին առնչվող բիզնես-ծրագրեր: Ինչպես նշել է Արկադի Ղուկասյանը, նախատեսվում է, որ մինչեւ գարուն Լեռնային Ղարաբաղ կժամանեն մի խումբ ձեռներեցներ` բոլոր այդ հարցերի մանրամասն մշակման համար: Նա ընդգծել է, որ հայկական սփյուռքը մեծ վստահությամբ է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը, ինչը շատ կարեւոր է համագործակցությունը շարունակելու համար: