AM
11 Դեկտեմբեր 2014 - 14:37 AMT

Մենք ենք, մեր ֆիլմերը. «Մենք ենք, մեր սարերը»

Ֆիլմում գործողությունները ծավալվում են հնձի սեզոնին, երբ սարերում Իշխանի հոտին 4 այլ ոչխար է խառնվում: Նա հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել կենդանիներին, այդպես էլ վարվում են, խորոված անում: Երբ նստում են հաց ուտելու, հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Վերջում Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում՝ արդյոք անծանոթ ոչխարներ չեն տեսել…

PAN-ն առանձնացրել է ֆիլմի ամենահիշվող արտահայտությունները:

* * *

-Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ?:

-Ավստրիան:

-Կարևորը մենք ենք ու Ամերիկան, Ավստրիան մանր երկիր է, մանրերի գործը հեշտ է, մեղքս մեզ է գալիս, մեկ էլ ամերիկային, մանրերը արանքում գլուխ են պահում: Մենք մեզ համար ստեղ ոչխար ենք պահում… Էն խեղճ Քենեդիին ինչի սպանեցին:

-Ցավդ կտրե՞լ է:

* * *

-Ասա, վատ էր ղեկավարում՝ հանեիք էդ պաշտոնից: Էն մարդուն ինչի՞ տվեցիք, սպանեցիք… թե մեր սրտով չէր գնում:

-Է՜հ… հայի բախտ ուներ:

* * *

-Մի անգամ Հալեպում 50 տաջիկ ծեծում էին մի վենետիկցու և հայհոյում իմ ազգը, ես բռնեցի այդ թլպատված շան կոկորդը և կտրեցի՝ ահա այսպե՜ս:

* * *

-Հալեպը պիտի որ Լեհաստան լինի, Լոձի մոտեքը, չէ՞:

-Հալեպն Արաբստան է, էէէէէ՜ս կողմերի վրա:

-Լեհ աղջիկները սիրո՜ւն են:

-Դո՞ւ որտեղից գիտես:

-Է որ սիրուն են, ասեմ սիրո՞ւն չեն:

* * *

-Էս եզն ինչո՞ւ է թունավորվել:

-Եսիմ, էս դժվար կյանքից հոգնել է, ուզում է սատկել, հակահեղափոխականները թունավորել են:

* * *

-Բա կարծում ես մի մարդով եզ շուր տալը հե՞շտ է: Մի մարդ սկի մի կնիկ էլ չի կարում շուռ տալ, էլ ուր մնաց մի եզ:

* * *

-Էս պետությունն էլ շատ է անտնտես, ո՜ւմ ասես փող էլ տալիս:

* * *

-Աշխարհը հա՜յ կրակ, երկիրը պտտվում է, քամակը դեմ է անում:

* * *

-Է՜հ, սիրելիս: Գյուղխորհրդի մատյաններից մինչև Միավորված ազգերի կազմակերպության մատյանները ցույց են տալիս, որ Ռևազ Մովսիսյանն ունեցել է 4 սև ոչխար, և հիմա չունի:

* * *

-Ոտքերը բռնել ես դու, մորթել է Ավագը, մորթել է Պավելը, ոտքերը բռնել է Զավենը:

-Լուծով հիվանդացել է Ռևազը, շնորհակալություն ասել է Սաքոն, կուշտ կերել է Բարսեղը:

* * *

-Ես քեզնից շատ շնորհակալ եմ, թե որ դու ինձ չկանչեիր, ես լողացողը չէի… օխա՜շ:

* * *

-Համ կնիկ է ուզում, համ չբեր է ուզում, բանն էլ հետն է ուզում…

* * *

-Էս գործը վերջանա, Զավեն, ընկերներիս հավաքելու եմ, գամ ձեր էս ձորերում խուլիգանի մի կերուխում սարքեմ… զուռնայով, դհոլով… շիշը խփենք ծառին:

-Կարողանո՞ւմ եք խմել:

-Խորովածով, բանով, տրաքտրաքոցով… միլպետով, հա՜յ կրակ, հա՜յ կնիկ:

-Քաղաքում տեղ չունե՞ք:

-Չէ. բնության մեջ, խոտերի մեջ, աղբյուրների մոտ… շատ լավ է:

* * *

-Սա կեղտ չի, թրիք է: Կեխտն ու թրիքն էլ չեք տարբերում:

* * *

-Գնացեք՝ եզ էլ կերեք, գոմեշ էլ կերեք, իրար էլ կերեք… Նադայելո:

* * *

-Քեզ որ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանել: Ընկեր մինի՞ստր: Թե՞ սպասում էիր հետևիցդ ինքնաթիռ ուղարկեին:

* * *

-Հնձածդ խոտ չի, տո անասո՜ւն:

* * *

-Ոչխար էր, ոչխար ենք մորթել, բա քեզ հո չէինք մորթելու:

* * *

-Իսկ ինչո՞ւ ես մորթել ուրիշի ոչխարները: Գուցե դրանք Ռևազի ոչխարները չէին, այլ Երևանի այսինչ գիտահետազոտական, մեծ կարևորություն ունեցող փորձերի համար ներարկված այսինչ տիպի միկրոբներ էին:

-Դե, տղերքը սոված էին, 2 ոչխար էինք մորթել, ինչ ես գիտահետազոտական-միտահետազոտական…

* * *

-Զավեն, հլա մի ինձ քննիր:

* * *

-Որովհետև մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով այս երկիրը դարձնի երկիր, իսկ դու գողանում ես այդ խնայված միջոցները, սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես:

* * *

-Ոչխար ենք մորթել, ոչխա՜ր: