AM
24 Փետրվար 2015 - 08:18 AMT

ԿինոPAN. 12 ֆիլմ Ջուլիանա Մուրի մասնակցությամբ, որ պետք է դիտել

Ի դեպ, ամենահայտնի և ճանաչված ֆիլմերը կարող եք դիտել U!Com-ի պատվերով տեսավարձույթի կինոPAN բաժնում: Ընկերությունը մեծ տեսադարան ունի, որտեղ պահվում և պարբերաբար ներկայացվում են թարմացվող ֆիլմեր:

Վարձու մարդասպանները/ Assassins (1995թ.)

Ռեժիսոր` Ռիչարդ Դոներ, դերերում` Սիլվեստր Ստալոնե, Անտոնիո Բանդերաս, Ջուլիան Մուր, Անատոլի Դավիդով

«Կնոջը սպանելը նույնը չէ, ինչ տղամարդուն: Պետք է բոլորովին այլ կերպ սեղմել ձգանը»:

Ցանկացած մասնագիտության մեջ կան առաջատարներ, և կան նրանք, ովքեր ցանկանում են հայտնվել փառքի «Օլիմպոսում»: Այդպես է նաև վարձու մարդասպանների դեպքում: Իր գործում լավագույնը համարվող Ռոբերտ Ռեթը ձգտում է հեռանալ, «մաքրվել»: Սակայն դա այնքան էլ դյուրին չէ, մանավանդ, երբ մեկ այլ` ավելի երիտասարդ ու հավակնոտ վարձու մարդասպան ցանկանում է խլել նրանից այդ «տիտղոսը»` լեգենդար քիլլերին ոչնչացնելու միջոցով:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. եթե շարունակում եք սիրել նախորդ դարի 90-ականների հին ու բարի մարտաֆիլմերը, ապա այս ֆիլմը հենց ձեզ համար է: Վարձու մարդասպաններն ունեն պատվի իրենց սեփական կանոնները, և երկու պրոֆեսիոնալների պայքարին հետևելն իսկական հաճույք է:

Քլոե/ Chloe (2009թ.)

Ռեժիսոր` Ատոմ Էգոյան, դերերում` Ջուլիանա Մուր, Լիամ Նիսոն, Ամանդա Սեյֆրիդ, Մաքս Թիերիոթ

«Ամուսինս ինձ դավաճանում է: Ես կարծում եմ, որ դավաճանում է, բայց վստահ չեմ»:

Մեր հայրենակից Ատոմ Էգոյանը մասնագիտացած է բարդ հոգեբանական դրամաների ստեղծման գործում: Մարդկային փոխհարաբերությունների ամենամութ, թաքնված կողմերն ամբողջ էությամբ «ջրի երես» դուրս կգան ամենաանսպասելի պահին: Եթե ընտանիքում չկա վստահություն, ապա չկա այլևս այն ճանապարհը, որով կարող են քայլել երկուսը: Իսկ եթե նրանք այնուամենայնիվ որոշում են շարունակել ճանապարհն անդունդի եզրով, ապա կա վտանգ, որը մեկը մյուսին ներքև է հրելու:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. առաջին հերթին գեղեցիկ նկարված էրոտիկ թրիլլերների սիրահարներին, ովքեր հետաքրքրված են մարդկային հոգեբանության ուսումնասիրությամբ և չեն վախենում նայել անդունդին:

Մեծ Լեբովսկի/ The Big Lebowski (1998թ.)

Ռեժիսորներ` Ջոել Քոեն, Իթան Քոեն, դերերում` Ջեֆ Բրիջես, Ջոն Գուդման, Ջուլիանա Մուր, Սթիվ Բուշեմի, Ֆիլիպ Սեյմուր Հոֆման

«Ես քեզ սիրում եմ, Ուոլթեր, սակայն վաղ, թե ուշ դու պետք է ընդունես, որ հիմար ես»:

Քոեն եղբայրների յուրաքանչյուր ֆիլմ մեծ իրադարձություն է համաշխարհային կինոյի համար: Սակայն նրանց լավագույն ստեղծագործությունը, որի նշաձողն այլևս ոչ ոք երբեք չի հաղթահարի, անգամ իրենք` եղբայրները, «Մեծ Լեբովսկին» է: Ֆիլմի մասին բազում կինոքննադատներ հատորներ են գրել` փորձելով վերլուծել այն բազմագույն շերտերը, որոնք ամեն անգամ դիտելուց բացվում են կինոդիտողի առաջ: Ծայրահեղ սրամիտ, անսահման խորը և հրապուրիչ այս պատմությունը միլիոնավոր կինոսերներ դարձրել են իրենց «սեղանի ֆիլմը»:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. սոցիալական երգիծանք` 1991թ. Պարզից ծոցում ծավալված պատերազմի ժամանակահատվածում, որը պատմում է ոչ թե բուն պատերազմի, այլ դրանից հեռու` մարդկանց մասին, ազնվորեն ներկայացնում այն, ինչ իրոք կարևոր է: Եթե իսկապես տարբերում եք կարևորը երկրորդականից, ապա այս փայլուն կինոկտավը ձեզ համար է:

Պսիխո/ Psycho (1998թ.)

Ռեժիսոր` Գաս Վան Սենթ, դերերում` Վինս Վոն, Էնն Հեչ, Ջուլիանա Մուր, Վիգո Մորթենսեն, Ուիլյամ Մեյսի

«Տղայի լավագույն ընկերը նրա մայրն է»:

Հանճարեղ Ալֆրեդ Հիչքոքի` 1960թ.-ին նկարահանած «Պսիխո» հոգեբանական թրիլլերը, վստահաբար, ժանրի իրական հիմնադիրն էր: Ֆիլմում օգտագործված հնարքները տասնամյակներ շարունակ կիրառվում են լավագույն ռեժիսորների կողմից, որպես ժանրին հատուկ մոտեցում ու անքակտելի մաս: Գրեթե 40 տարի անց հրաշալի ռեժիսոր Գաս Վան Սենթը իր մեծ ուսուցչին հարգանքի տուրք մատուցելու համար որոշեց նկարահանել ֆիլմի ռեմեյքը` կադր առ կադր կրկնելով օրիգինալը: Բնականաբար, դա առաջացրեց ինչպես երկրպագուներին, այնպես էլ կինոքննադատների զայրույթը:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. Եթե Հիչքոքի օրիգինալի նկատմամբ անտարբեր եք, սակայն սիրում եք 60-ականների Հոլիվուդի լավագույն ավանդույթներով նկարահանված հոգեբանական թրիլլեր, ապա չեք ափսոսի նոր «Պսիխոյի» վրա ծախսած ժամանակը, իսկ գուցե ի վերջո որոշեք դիտել նաև սարսափների վարպետի օրիգինալ ֆիլմը:

Մագնոլիա / Magnolia (1999թ.)

Ռեժիսոր` Փոլ Թոմաս Անդերսոն, դերերում` Թոմ Քրուզ, Ֆիլիպ Բեյքեր Հոլ, Ֆիլիպ Սեյմուր Հոֆման, Ջուլիանա Մուր, Ուիլյամ Մեյսի, Ջոն Սի Ռեյլի, Ալֆրեդ Մոլինա

«Փորձաքննությունը պարզեց. անհաջող ինքնասպանությունը դարձել է հաջողված սպանություն»:

Անկախ ստեղծագործող Փոլ Թոմաս Անդերսոնն ամեն անգամ մեծ խառնաշփոթ է առաջացնում կինոհանրության շրջանում. երբեք չգիտես` ինչ սպասես նրանից: Սակայն, անկասկած, այս իմաստուն մարդու ամեն մի պատմություն գեղեցկագույն սիմֆոնիա է, սիրո խոստովանություն մարդուն ու նրա տեսակին: «Մագնոլիան» մի քանի անծանոթ մարդկանց կյանքի մեկ օրն է, ում ճակատագրերը, իրադարձությունների բերումով, միախառնվում են մեկ միասնական գունապնակում` ստեղծելով նախորդ դարի վերջերի ամենահիշվող մարդկային հեքիաթներից մեկը:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. հեղինակային դրամաների սիրահարները պարտադիր պետք է դիտեն այս ֆիլմը` հասկանալու համար, որ շատ հաճախ մեզանից մեկի կյանքը միահյուսված է լինում մյուսների ճակատագրերի հետ, իսկ մենք դա չենք նկատում, կամ չենք ցանկանում նկատել:

Հանիբալ / Hannibal (2001թ.)

Ռեժիսոր` Ռիդլի Սքոթ, դերերում` Էնթոնի Հոպքինս, Ջուլիանա Մուր, Ռեյ Լիոտա, Գարի Օլդման, Ջանկառլո Ջանինի, Ֆրանչեսկա Ների

«Առաջին հնարավորության դեպքում պետք է ուտել բռի մարդկանց»:

Ջոնաթան Դեմիի «Գառների լռությունը» թրիլլերից հետո մարդակեր բժիշտ Հանիբալ Լեկտերի մասին կինոյում լռեցին գրեթե մեկ տասնամյակով: Բոլոր ժամանակների մեծագույն չարագործի նկատմամբ այս անտարբերությունը, սակայն, չհանդուրժեց կենդանի դասական Ռիդլի Սքոթը: Ծայրահեղ ոճային, արագ մոնտաժով ու լարված «Հանիբալը» խիստ տարբերվում է իր հանդարտ ու մռայլ նախորդից, սակայն մատուցում է պատմությունն այնպես, կարծես մարդկային անատոմիայի գունագեղ դասի ներկա լինես: Ոճական առումով հենց այս ֆիլմը հիմք դարձավ ամբողջ աշխարհում այժմ աղմուկ հանած համանուն հեռուստասերիալի համար:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. թրիլլերը կարող է լինել այնքան գեղեցիկ, որ ցանկություն առաջանա յուրաքանչյուր կադրը տպել ու կախել պատից: Եթե չեք խորշում ամենայն մանրամասնությամբ նկարահանված սպանությունների տեսարաններից, ապա ֆիլմը ձեզ համար է:

Էվոլյուցիա/ Evolution (2001թ.)

Ռեժիսոր` Այվեն Ռեյթման, դերերում` Դեյվիդ Դուխովնի, Ջուլիանա Մուր, Օրլանդո Ջոնս, Շոն Ուիլյամ Սքոթ, Թեդ Լիվայն

«Այլմոլորակայինների դեմ լավագույն միջոցը շամպունն է»:

Ֆանտաստիկ կատակերգության ժանրային խառնուրդն իր բուռն վերելքն ապրեց նախորդ դարի 80-90-ականներին, և այս ընթացքում ստեղծված լավագույն նմուշները մինչև օրս սիրված են միլիոնավոր կինոսերների կողմից: Զրոյականներն առաջ քաշեցին բոլորովին նոր պահանջներ, սակայն «հին դպրոցի» ներկայացուցիչ Այվեն Ռեյթմանը որոշեց օգտագործել իր վերջին շանսն ու նկարահանեց ծայրահեղ անմիջական այս ֆիլմը: Եթե այլմոլորակայինները ցանկանում են գրավել մեր սիրելի մոլորակը, ապա դա ողբերգություն չէ, հատկապես, եթե շրջապատված ես ուրախ մարդկանցով:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. բնականաբար` երեխաներին, ինչպես նաև նրանց, ովքեր հոգու խորքում դեռ երեխա են մնացել:

Ժամեր/ The Hours (2002թ.)

Ռեժիսոր` Սթիվեն Դալդրի, դերերում` Նիկոլ Քիդման, Ջուլիանա Մուր, Մերիլ Սթրիփ, Էդ Հարիս, Միրանդա Ռիչարդսոն, Քլեյր Դեյնս

«Չես կարող խաղաղություն գտնել` խուսափելով կյանքից»:

20-րդ դարի առաջին կեսի մոդեռնիստական գրականության հիմնադիր, բրիտանուհի Վիրջինիա Վուլֆին մարմնավորելու համար անճանաչելի փոխված Նիկոլ Քիդմանը արժանացավ «Օսկար» մրցանակի` «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում: Անձնական դժբախտության ճիրաններում տառապող Վուլֆի պատմությունն այս ֆիլմում միահյուսված է ևս երկու կնոջ կյանքի հետ, իսկ նրանց միջր միայն ժամանակն է: Հասարակության գլխավոր արատը ուրիշներին դժբախտացնելն ու հալածելն է միայն այն պատճառով, որ նրանք նման չեն մյուսներին: Այստեղ արդեն առաջ սլացող ժամերը ոչ թե բուժում են, այլ ավելի են խորացնում վերքերը:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. առաջին հերթին` կանանց, ովքեր սիրում ր գնահատում են խելացի, ամուր ռեժիսուրայով ու հրաշալի դերասանական խաղով նկարահանված կինո:

Մարդկային երեխան/ Children of Men (2006թ.)

Ռեժիսոր` Ալֆոնսո Կուարոն, դերերում` Քլայվ Օուեն, Քլեր Հոուպ-Էշիթի, Ջուլիանա Մուր, Մայքլ Քեյն, Չարլի Հենեմ, Չիվետել Էջիոֆոր

«Արդարությունն ու ոստիկանությունը միմյանց հետ չունեն»:

2027 թվական: Աշխարհում արդեն 18 տարի չի ծնվել ոչ մի երեխա: Մանկական ձայներից զուրկ աշխարհում մեծահասակներն ապրում են քաղաքակրթության գոյության վերջին օրերը, անվերջ պատերազմներն ու համաճարակները պատառ-պատառ են անում այն ամենն, ինչ ստեղծվել է հազարամյակների ընթացքում:Ալֆոնսո Կուարոնի այս մռայլ դրաման առաջին հերթին դատավճիռ է մոլորակն աղտոտող մարդկությանը, ապա` հույսի շող, որ մի օր մենք ուշքի կգանք ու կհասկանանք, որ սա մեր ու մեր երեխաների ընդհանուր տունն է:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. հակաուտոպիաների սիրահարները, ում համար Ջորջ Օրուելի «1984» վեպը վերածվել է կյանքի գրքի, անկասկած կսիրեն այս ֆիլմը: Հրաշալի օպերատոր Էմանուել Լյուբեցկու նկարահանած երկար պլաններն անմոռանալի տպավորություն կգործեն իրական կինոսերների վրա:

Կուրություն/ Blindness (2008թ.)

Ռեժիսոր` Ֆերնանդո Մեյրելիշ, դերերում` Ջուլիանա Մուր, Մարկ Ռուֆալո, Գաել Գարսիա Բերնալ, Դենի Գլովեր, Էդուարդո Սեմիրյան

«Կուրությունից ավելի սարսափելի է` լինել կույրերի աշխարհում միակ տեսնողը»:

2002թ-ին բրազիլացի կինոռեժիսոր Ֆերնանդո Մեյրելիշը ցնցեց աշխարհն իր «Աստծո քաղաքը» սոցիալական դրամայով: Այն նման էր ռումբի, որի պայթյունը մինչև օրս լսելի է բրազիլական կինեմատոգրաֆի լավագույն օրինակներում: Հարգանքի տուրք մատուցելով Ջոն Ուիդեմի «Թրիֆիդների օրը» ֆանտաստիկ հակաուտոպիային` Մեյրելիշը մի քանի տարի հետո ստեղծեց արդեն իրական կուրության մասին պատմող իր նոր ֆիլմը: Կույրերի աշխարհում անգամ մեկ աչքանին է դառնում թագավոր. ու այստեղ ամեն ինչ կախված կլինի նրա միակ աչքի տեսողության աստիճանից:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. բրազիլական կինոն յուրահատուկ հմայք ունի, խոսքը, բնականաբար, «օճառային սերիալների» մասին չէ: Մեկ անգամ այս կինեմատոգրաֆը վայելողը հավերժ սիրահարվում է: Եթե դուք նրանց թվում եք, ապա ֆիլմը ձեզ համար է:

Խելառ, հիմար, սեր/ Crazy, Stupid, Love. (2011թ.)

Ռեժիսորներ` Գլեն Ֆիկարրա, Ջոն Ռեկուա, դերերում` Սթիվ Կարել, Ռայան Գոսլինգ, Ջուլիանա Մուր, Էմա Սթոուն, Կեվին Բեյքոն, Մարիսա Տոմեյ

«Մենք կորցրել ենք կապը: Ես անգամ չնկատեցի, թե երբ «Մենք» բառը դադարեց մեզ համար գոյություն ունենալ»:

Եթե դու փնտրում եք «երկրորդ կեսին», չունեք փորձ և ինքնավստահություն, ապա մեծ հաջողություն կլինի հանդիպել նրան, ով այդ գործում իսկական «վարպետ» է: Միջին տարիքի ճգնաժամ ապրող Քոլ Ուիվերն, իմանալով կնոջ դավաճանության մասին, որոշում է ինքն էլ մի փոքր «ձախ գնալ», և այս գործում նրան օգնում է երիտասարդ սրտակեր Ջեյքոբ Պալմերը: Սրամիտ ու հմայիչ այս ռոմանտիկ կատակերգությունը նման չէ ժանրի և ոչ մի ներկայացուցչի: Դուրս չգալով իր սահմաններից ու չվերածվելով գռեհիկ մանիպուլյացիայի` այն կարողանում է պահել կինոդիտողի ուշադրությունը մինչև վերջին կադրը:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. սիրահարների տոնն արդեն անցել է, սակայն ոչինչ չի խանգարում սիրող զույգերին երեկոն անցկացնել ծիծաղելի ու ոչ հիմար այս կատակերգությունը դիտելով:

Տելեկինեզ/ Carrie (2013թ.)

Ռեժիսոր` Քիմբերլի Փիրզ, դերերում` Քլոե Գրեյս Մորեց, Ջուլիանա Մուր, Ջուդի Գրիր

«-Ոչ: Քերրի: Խնդրում եմ, ինձ ցավ մի պատճառիր:

– Ինչո՞ւ ոչ: Ինձ ամբողջ կյանքում են ցավ պատճառում»:

Սթիվեն Քինգի «Քերրի» վեպը էկրանավորվում է ոչ առաջին անգամ: Հասունացման, դեռահասության խնդիրների մասին կարելի է խոսել տարբեր լեզուներով. ոմանք ընտրում են երիտասարդական մելոդրամները, իսկ ոմանց համար այդ շրջանը նման է անվերջանալի թվացող սարսափ ֆիլմի: Գերբնական հատկություններով օժտված Քերրի Ուայթին դպրոցում ոչ ոք չի սիրում: Համադասարանցիներն անընդհատ ծիծաղում են նրա վրա, հալածում նրան` չպատկերացնելով անգամ, թե ինչպիսի մղձավանջի կարող է իրենց համար վերածվել աղջկա զայրույթը:

Ո՞ւմ խորհուրդ կտանք դիտել. սարսափ ֆիլմերի սիրահարները չեն կարող անտարբեր անցնել այս ֆիլմի կողքով: Այստեղ առկա է ամեն ինչ. սասփենս, լարված իրավիճակ ու արյունոտ ավարտ, որը կստիպի ձեզ զղջալ, որ դպրոցում նեղացնում էիք կողքի նստարանին նստած համեստ աղջնակին: