Սփյուռքի օժանդակությունը Հայաստանին պետք է հասցեագրված լինի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԱՄՆ-ի Rutgers University ուսանող Րաֆֆի Հարությունյանը, որը գործնական շրջանն անցնում է Հայաստանում, Ամերիկայի Հայկական համագումարի ծրագրով: Նրա խոսքերով, ներդրումները Հայաստանում պետք է արվեն ոչ թե այնտեղ, ուր ցանկանաս, այլ այնտեղ, որտեղ դա պետք է: «Պետք է վերափոխել սփյուռքի հոգեբանությունը, ուղղակի դրամ տալն ավելի հեշտ է: Պետք է հստակ գիտենալ, թե այն ուր է գնում, ինչու ենք ընդհանրապես միջոցներ տալիս: Ես կարծում եմ, որ այս հարցում հայերը պետք է օրինակ վերցնեն Իսրայելից: Այնտեղ ամեն ինչ հստակ տարանջատված է` ինչ նպատակի համար է ծախսվում կոնկրետ գումարը»,-նշել է Րաֆֆի Հարությունյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ սփյուռքի որոշ ներկայացուցիչներ գտնում են, որ Հայաստանում թանգարան կամ հյուրանոց բացելով, կատարել են իրենց պարտքը հայրենիքի առաջ: «Մենք պետք է հստակ պատկերացնենք, թե այսօր ինչ է հարկավոր Հայաստանին, որ ոլորտներն է պետք զարգացնել: Այ, օրինակ, օժանդակությունը գյուղատնտեսությանը: Այս հարցում երբեմն տարաձայնություններ կան: Մենք առաջարկում ենք բարելավել ողջ ենթակառուցվածքը, իսկ Հայաստանի նախարարությունն առաջարկում է սկզբում բարենորոգել մեկ գյուղ, հետո եւս մեկը»,-ասել է Րաֆֆի Հարությունյանը, որը մասնագիտանում է քաղաքական գիտություններում:
Նշենք, որ ԱՀՀ ծրագրով, որը գործում է 1999 թվականից, 2006 թվականին Հայաստանում են գտնվում 14 հայ ուսանողներ ԱՄՆ տարբեր համալսարաններից, որոնք երկու ամիս է ինչ աշխատում են Հայաստանի նախարարություններում եւ ՈԿԿ-ում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում: Ծրագրի նպատակն է ծանոթությունը Հայաստանի հետ եւ ԱՀՀ կողմից ցուցաբերվող օգնության գերակա ծրագրերի հստակեցումը: