AM
6 December 2002 - 18:39 AMT

ԱՌԱՆՑ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ, ԳՏՆՈՒՄ Է ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

Մինչեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չնորմալանան` տարածաշրջանում իրավիճակի ոչ մի էական դրական փոփոխություն չի լինի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, հայտարարել է անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների սահմանումը թույլ կտա հասնել աշխարհաքաղաքական տեսակետից կարեւոր խնդիրների լուծման, մասնավորապես, դիմակայել տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն: Հնարավոր չէ ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգ առանց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման, ընդգծել է նախկին նախարարը` հույս հայտնելով, որ հայ եւ թուրք քաղաքական գործիչների երիտասարդ սերունդը հանդես կբերի ցանկություն, արիություն եւ կամք` այդ խնդիրը լուծելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել Անկարայի հանդեպ Երեւանի կողմից անցկացվող քաղաքականությունը: Հայաստանը պատրաստ է սահմանել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ առանց որեւէ պայմանների, սակայն այդ բարի մտադրություններն այդպես էլ կմնան անկատար, եթե Անկարան չցուցաբերի համապատասխան ձգտում, նշել է քաղաքական գործիչը: «Սակայն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն անթույլատրելի է «մեր համահայկական իրավունքների եւ համայն հիշողության» հաշվին»,- ընդգծել է նա` նկատի ունենալով 1915-1923 թվականների հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: