Ապրիլի լույս 6-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդը բավականին ինտենսիվ կրակահերթերով խախտել է հրադադարի ռեժիմը, ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ոչ կրիտիկական շատ, բայց որոշակի քանակությամբ եղել է»,-ասել է` մանրամասնելով, որ կրակել են գյուղերի և դիրքերի ուղղությամբ, գրում է Tert.am-ը:
Իսկ Տավուշի մարզում, Չորաթանի գյուղապետՎարուժան Բաղմանյանի խոսքով, առավոտյան կրակել են նաև համայնքի խաղողի այգիներում աշխատող գյուղացիների վրա. «Առավոտյան կրակել են, բայց հիմա հանդարտ է, ժողովուրդը` իր գործին»:
Ինչպես Չորաթանում, այնպես էլ այլ հայկական գյուղերում զոհեր և վիրավորներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 27-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետերից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր:
Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ նման մարտավարության պայմաններում իրադրության սրման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 26-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը հայտարարություն էր ներկայացրել՝անդրադառնալով մարտի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի 4 զինծառայող:
ՀՀ մշտական ներկայացուցիչը ևս նշել էր, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի, ինչն ի ցույց է դնում Բաքվի մտադրությունը` շարունակել ընթանալ զինված առճակատման ճանապարհով: Դրանով Ադրբեջանը ձգտում է խարխլել 1994թ. հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, խախտել ռազմական հավասարակշռությունը: Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կոչ է արվել ուշադրություն դարձնել այդ վտանգավոր զարգացման վրա:






