AM
15 Ապրիլ 2015 - 08:10 AMT

System of a Down-ում պատրաստ են միասին աշխատել նոր ալբոմի վրա

Վերջին շրջանում շատ է խոսվում աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի նոր ալբոմի ու դրա թողարկման մասին: Մասնավորապես՝ խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը մի քանի առիթով նշել է, որ նոր ալբոմը կթողարկվի այս տարի և որ դրա մեջ ներառվելիք երգերն արդեն գրված են:

Սակայն խմբի մենակատար Սերժ Թանկյանը Spin ամսագրին տված հարցազրույցում հակասել է գործընկերոջը` ասելով, որ «նոր ալբոմի վերաբերյալ դեռևս միայն խոսակցություններ կան»: «Նյութի առկայության դեպքում մենք պատրաստ ենք միասին աշխատել: Սակայն նոր ալբոմի թողարկման հարցում մենք հստակ ժամկետներ չենք որոշել»,- մեջբերում է երաժշտի խոսքը Metalinjection.net-ը, գրում է Tert.am-ը:

Ներկայում խումբը շրջագայության մեջ է, որի շրջանակում փորձում է անտեղյակ մարդկանց պատմել 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

«Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը մեկնարկել է ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայացած համերգով և կներառի համերգներ աշխարհի 14 բեմերում` ներառյալ Եվրոպան, Հարավային և Հյուսիսային Ամերիկաները, ինչպես նաև ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախորդ օրը, առաջին անգամ ելույթով Երևանում: Ապրիլի 10-ին SOAD-ը կլինի Լոնդոնում՝ Wembley Arena-ում, ապրիլի 13-ին՝ Քյոլնի՝ Lanxess Arena-ում, ապրիլի 14-Լիոնի՝ La Halle Tony Garnier-ում, ապրիլի 16-ին՝ Բրյուսելի Forest National-ում, ապրիլի 17-ին Ամստերդամ-ի Ziggo Dome-ում, ապրիլի 20-ին Մոսկվայի Olympisky-ում, ապրիլ 23-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում: