Այժմ գրեթե բոլոր կարևոր մշակութային և հասարակական գործիչները գնում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: PAN Photo-ն ու «ԵՐԵՎԱՆ» քաղաքի ամսագիրը վերհիշել են 10 նշանակալից այցելություն այս սրբավայր՝ հատուկ շրջանցելով քաղաքական գործիչներին:
Հռոմի Հովհաննես Պողոս II պապ և Շառլ Ազնավուր, 2001 թվականի սեպտեմբեր
Ինչու էին Երևանում. Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ պատմության մեջ առաջին հայաստանյան այցը կապված էր մեր երկրում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հետ (ինչպես գրեթե ամեն ինչ 2001 թվականին): Եռօրյա այցի ընթացքում Հովհաննես Պողոս II-ը հասցրեց նաև այցելել Ծիծեռնակաբերդ՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին և երկու եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ: Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում աղոթք կարդաց՝ անգլերեն, սակայն «ցեղասպանություն» բառն արտասանեց հայերեն: Բայց այդ միջոցառման ամենահիշարժան պահը, անշուշտ, Շառլ Ազնավուրի ելույթն էր. շանսոնյեն երկու եկեղեցու առաջնորդների ներկայությամբ հավերժ կրակի մոտ կատարեց Ave Maria-ն:
Մեջբերում. Հռոմի պապի աղոթքից. «Լսիր, ով Տեր, ողբը՝ որ բարձրանում է այս վայրից, Մեծ եղեռնի վիհերից՝ կոչը մեռյալների, անմեղ արյան աղաղակը»:
Պաուլո Կոելյո, 2004 թվականի հոկտեմբեր
Ինչու էր Երևանում. Բրազիլացի գրական գերաստղը Հայաստան էր եկել մասնակցելու իր ամենահայտնի բեսթսելլերի՝ «Ալքիմիկոսի» հայերեն թարգմանությունների (արևելահայերեն և արևմտահայերեն) շնորհանդեսին: Քանի որ մինչև այդ Հայաստանում հայտնի մարդիկ շատ ավելի հազվադեպ էին գալիս, քան այսօր, Երևանում իսկական իրարանցում էր: Գրողների միության շենքի մեծ դահլիճն անգամ չկարողացավ տեղավորել Կոելյոի հետ հանդիպմանը եկած բոլոր ցանկացողներին, իսկ դրանից հետո կայացած ստորագրությունների բաժանումը տևեց ժամեր: Հայաստանում եղած օրերի ընթացքում գրողը հանդիպեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Փարաջանովի տուն-թանգարանում, եղավ Էջմիածնում, իսկ Ցեղասպանության հուշահամալիրում նաև ծառ տնկեց:

Մեջբերում.«Սա հանցանք է, որի մասին պետք է իմանա ամբողջ աշխարհը: Հայերը շատ ուժեղ ոգի ունեն, որի շնորհիվ չեն կոտրվել նույնիսկ Ցեղասպանությունից հետո»:
Ժերար Դեպարդյե, 2010 թվականի սեպտեմբեր
Ինչու էր Երևանում. Հռչակավոր ֆրանսիացի դերասանը, որն այն ժամանակ դեռ չէր հասցրել ընկերանալ Ռամզան Կադիրովի հետ և ստանալ ռուսական անձնագիր, Երևանում էր «Կարոտ» փառատոնի հրավերով: Վերջինիս հիմնադիր Մեցո Իգիթյանի հետ էլ եկել էր Ցեղասպանության զոհերի հուշամալիր:
Մեջբերում. «Այսօր այցելել եմ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրը և այն ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողել, ինչպես և նմանատիպ այլ հուշարձանները, օրինակ՝ «Յադ Վաշեմը» Իսրայելում: Հայաստանի մասին ես վաղուց գիտեմ, քանի որ Ֆրանսիայում ունեմ բազմաթիվ հայ ծանոթներ և գիտեմ, թե ինչպես են նրանք այնտեղ հայտնվել և թե ինչ է իրենց համար Ցեղասպանությունը»:
Թոնի Այոմի և Իեն Գիլան, 2010 թվականի փետրվար

Ինչու էին Երևանում. 1989 թվականին երկու ռոք լեգենդները մասնակցել էին Սպիտակի երկրաշարժից տուժածների համար կազմակերպված բարեգործական նախագծին, որի շրջանակում բազմաթիվ ռոք աստղեր վերաձայնագրել էին Deep Purple-ի հռչակավոր Smoke on the Water հիթը: Մոտ երկու տասնամյակ անց «Մեդիամաքս» գործակալության ջանքերով այդ նախագծի մի շարք մասնակիցներ, այդ թվում՝ Այոմին ու Գիլանը, եկան Հայաստան, ստացան մեդալներ նախագահից, գնացին Գյումրի, շփվեցին երկրպագուների հետ և ընդհանրապես լավ ժամանակ անցկացրեցին:
Էմիր Կուստուրիցա, 2010 թվականի մարտ
Ինչու էր Երևանում. Կաննի կինոփառատոնի կրկնակի դափնեկիր, աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան Երևան էր ժամանել ոչ թե իր նոր կամ հին ֆիլմերով, այլ The No Smoking Orchestra խմբով և իր ընկեր, ջութակահար Խաչատուր Ալմազյանի ուղեկցությամբ: Համերգն անցավ շատ ուրախ, Կուստուրիցան բավական բուռն ժամանակ անցկացրեց Հայաստանում, որի ընթացքում, իհարկե, եղավ նաև Ցեղասպանության հուշահամալիրում: Ռեժիսորի հայ երկրպագուները և լրագրողներն էլ մի քանի անգամ հարցրեցին նրան, թե արդյոք պատրաստվու՞մ է ֆիլմ նկարահանել Ցեղասպանության մասին, եղան այնպիսիք, որ նույնիսկ իր «ոչ»-ը հասկացան որպես «այո»:

Մեջբերում.«Մեր ազգերն ունեն շատ նման պատմական ինքնագիտակցություն: Միգուցե դրա շնորհիվ այստեղ շատերը ոչ միայն սիրում են իմ ֆիլմերը, այլև հասկանում են դրանք: Մենք նման մոտեցում ունենք մշակույթի նկատմամբ: Դուք անցել ենք ցեղասպանությունով Առաջին աշխարհամարտին, մենք` Երկրորդին: Երկուսս էլ ունենք աշխարհով մեկ սփռված մեր ազգերը ներկայացնող հայրենակիցներ»:
Սերժ Թանկյան, 2010 թվականի օգոստոս
Ինչու էր Երևանում. Երկար, շատ երկար սպասումներից հետո System of a Down-ն այդպես էլ Երևան չեկավ (բայց վերջապես կգա այս տարվա ապրիլի 23-ին), սակայն մենահամերգով եկավ խմբի ֆրոնթ-մեն Սերժ Թանկյանը: Բնականաբար, SOAD-ի առաջին իսկ օրերից ամեն կերպ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնող, այդ մասին երգեր գրող, Ցեղասպանության ճանաչման ցույցերին մասնակցող և թուրքական կառավարությանն այդ թեմայով բաց նամակներ հղող Թանկյանի համար հատուկ կարևորություն ուներ հուշահամալիր այցելությունը:

Մեջբերում. «Ես անպայման մասնավոր այցով լինելու եմ Ծիծեռնակաբերդում: Հիլարի Քլինթոնը խորհուրդ է տվել ինձ անպայման գնալ Ցեղասպանության հուշահամալիր, բայց ոչ թե որպես երաժիշտ, այլ` որպես մարդ արարած (Քլինթոնը դրանից որոշ ժամանակ առաջ իր հայաստանյան այցի ընթացքում ոչ պաշտոնական այցով եղել էր նաև Ծիծեռնակաբերդում — խմբ.)»:
Ֆանի Արդան, 2012 թվականի հուլիս
Ինչու էր Երևանում. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այդ տարվա աստղը ֆրանսուհի Ֆաննի Արդանն էր: Հայաստանում դերասանուհին մնաց մի քանի օր, բազմաթիվ հարցազրույցներ տվեց, եղավ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում և այցելեց Ծիծեռնակաբերդ:

Մեջբերում. «Հայաստանի մասին միշտ ինչ-որ վիպական պատկերացում եմ ունեցել, մի երկիր, որն ունի հնագույն մշակույթ: Հայաստանն ինձ համար քրիստոնյա աշխարհի օրորոցն է, խորհրդավոր, գեղեցիկ: Բնականաբար, կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, մնացած Խորհրդային Միությունից, կապված Թուրքիայի հետ հարաբերությունների հետ»:
Ալեն Դելոն, 2012 թվականի դեկտեմբեր
Ինչու էր Երևանում. Ֆրանսիական կինոյի կենդանի դասականը Երևանում ներկայացնում էր իր մասնակցությամբ նշանավորված՝ ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» կատակերգությունը: Ցեղասպանության հուշահամալիր Դելոնը ևս եկել էր ռեժիսորի հետ: Դերասանը նաև հատուկ ուշադրություն ցուցաբերեց Հիշողության պուրակում գտնվող այն եղևնուն, որը մի քանի տարի առաջ տնկել էր Ֆրանսիայի նախագահ Սարկոզին: Ի դեպ, որոշ ժամանակ անց կատակերգության պրոդյուսեր Վալերի Սահարյանը հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, որում կնկարահանվի նաև Դելոնը: Այդ նախագծի մասին, սակայն, առայժմ որևէ լուր չկա:

Մեջբերում. Վալերի Սահարյան. «Ցեղասպանության հուշահամալիրի այցելության ժամանակ նա այնքան հուզված էր, որ չկարողացավ զսպել իրեն և լաց եղավ»:
Մոնսերատ Կաբալյե, 2013 թվականի հունիս
Ինչու էր Երևանում. Աշխարհահռչակ իսպանացի սոպրանո Մոնսերատ Կաբալյեն եկել էր ոչ միայն Երևանում համերգ տալու, այլև Արցախ այցելելու համար (առանց համերգի): Ցեղասպանության հուշահամալիր 80-ամյա երգչուհուն հասցրեցին մեքենայով՝ որպես բացառություն: Չնայած առողջական խնդիրների պատճառով Կաբալյեն հավերժական կրակի մոտ իջնել չկարողացավ, իր հարգանքի տուրքը նա Ցեղասպանության զոհերին մատուցեց:

Ֆաթիհ Աքին, 2015 թվականի փետրվար
Ինչու էր Երևանում. Դեռ 2010-ին գերամանացի թուրք անվանի ռեժիսորը «Ոսկե ծիրան» փառատոնի հյուրն էր: Իր իսկ խոսքերով, այն ժամանակ նա ինքն իրեն խոստում տվեց, որ հաջորդ այցին Երևանում կներկայացնի կինոնկար Ցեղասպանության թեմայով: Այդպես էլ եղավ. այս տարվա փետրվարին Աքինն անձամբ ներկայացնում էր այստեղ իր «Սպին», որը մինչև այդ հասցրել էր մասնակցել Վենետիկի կինոփառատոնին (առանց որևէ մրցանակ վաստակելու) և գերմանական կինոթատրոններում: Հաշվի առնելով ֆիլմում արծարծվող Ցեղասպանության թեման և «Սպիի» հայաստանյան պրեմիերայի՝ Ցեղասպանության 100-րդ տարեիցին նվիրված միջոցառումների ցանկի մեջ ընդգրկվելը, միանգամայն տրամաբանական է, որ ռեժիսորի կարճ այցի ծրագրի մեջ կար նաև Ծիծեռնակաբերդ այցելության մասին կետը:

Մեջբերում. «Հինգ տարի առաջ «Ոսկե ծիրանի» առթիվ եկա Հայաստան, այցելեցի Ծիծեռնակաբերդ: Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ հանդիպումը վճռորոշ եղավ ինձ համար: Նա Ցեղասպանության մասին տեղեկություններ տվեց ինձ: Ասաց, օրինակ, որ եղել են թուրքեր, որոնք փրկել են հայերին, գաղտնի ապաստան տվել նրանց: Իմ ֆիլմում ես ուզեցի հաստատել այդ տեղեկությունները, որ եղել են նաև ոչ մարդասպան թուրքեր: Փորձել եմ դա չչափազանցված նկարագրել: Ինձ դուր եկավ գաղափարը՝ նույն թուրքը մորթելու փորձ է անում, ապա փրկում հային»:
Եվգենի Կիսին, 2015 թվականի ապրիլ
Ինչու էր Երևանում. Ծագումով ռուս հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինն այս անգամ Երևան էր եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մենահամերգով, որը կայացավ «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգին նախորդած մամուլի ասուլիսում նա կիսվեց՝ Թուրքիա համերգների չի մեկնում, քանի որ այդ երկիրը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մեջբերում. «Հայաստանում ինձ հարցրին, թե պատրաստ եմ արդյոք միջազգային հանրությանը կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իմ պատասխանն է՝ այո, իհարկե պատրաստ եմ: Կփորձեմ ավելի մանրամասն տեղեկանալ, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է անեմ այդ ուղղությամբ»:
Քիմ, Քլոե Քարդաշյաններ, Քանյե Ուեսթ, 2015 թվականի ապրիլ
Ինչու էին Երևանում. Քիմ Քարդաշյանը քրոջ և ընտանիքի հետ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին առաջին անգամ Հայաստան այցելեց: Այցի շրջանակում նրանք եղան Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, որտեղ հարգեցին 1915-ի կոտորածի ժամանակ զոհված 1.5 մլն հայի հիշատակը: Քիմն այդ այցը «էմոցիոներով լի» էր որակել:

Մեջբերում. Քիմ. «Եկեք այսօր բոլորս միասին հիշենք այն 1.5 մլն հայերին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության տարիներին: 1915-ի ապրիլի 24. երբեք չեմ մոռանա»
Քլոե. «Քիմն ու ես հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մենք պետք է ընդունենք ցավն ու այն կրակին հանձնենք…»
«ԵՐԵՎԱՆ» քաղաքի ամսագրի ապրիլյան համարից, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին






