AM
7 Մայիս 2015 - 13:40 AMT

Սրբադասված նահատակների սրբապատկերի խորհուրդը

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն քահանա Տեր Ասողիկ Կարապետյանը պատմել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների սրբապատկերի մասին, որն օծվեց ապրիլի 23-ին, հայտնում է «Հայերն այսօր»-ը:

Սուրբ նահատակների սրբապատկերն իր պատկերագրությամբ եզակի ստեղծագործություններից է հայկական հաստոցային սրբանկարչության մեջ: Հավաքական այդ պատկերը ներկայացնում է հանուն Հավատի և Հայրենիքի մարտիրոսացած հայորդիներին` այր և կին, ծեր և մանուկ: Սուրբ նահատակները պատկերված են իրենց առօրյա զգեստներով, իրենց հանգամանքի մեջ, և ըստ այդմ ներկայացնում են Արևմտյան Հայաստանի հասարակության բոլոր դասերը` հոգևորականներ, մտավորականներ, երաժիշտներ, դպրոցականներ, երկրագործներ և այլք:

Սրբապատկերի կերպարները թեև մեկ ամբողջություն են ներկայացնում, սակայն նրանցից յուրաքանչյուրն անհատականացված է: Պատկերի կենտրոնում դեպի երկինք բարձրացող բյուրավոր սրբերն են, իսկ վերին հատվածում պատկերված են սերովբեներ, Հայր Աստված և աղավնակերպ Սուրբ Հոգին, ովքեր ընդունում են հայոց ազգի նահատակության սուրբ պատարագը:

Սուրբ պատարագ, քանի որ Ցեղասպանությամբ պատարագվում էր Քրիստոսի Սուրբ Եկեղեցին` Տիրոջ խորհրդական մարմինը: Ուստիև սրբապատկերում բյուրավոր նահատակները մարմնավորում են Տեր Հիսուս Քրիստոսին. ինչպես Տերը մահվան մատնվեց, խաչվեց ու թաղվեց, սակայն Իր հրաշափառ հարությամբ խորտակեց մահը ու հաղթանակեց, նույնպես էլ հայոց ազգի զավակները նահատակվեցին, բայց Սուրբ Հարության զորությամբ մնացին անմահ և պսակվեցին անթառամ պսակներով, որպեսզի այլևս որպես Հաղթանակած Եկեղեցի բարեխոսեն առ Աստված վասն Զինվորյալ Եկեղեցու:

Սուրբ նահատակների շուրջ կիսաբոլոր պատկերված են հայոց խորտակված ու ոտնահարված սրբությունները, որոնք լուռ վկայում են նաև հայոց ազգի մշակութային եղեռնի և Հայրենիքի կորուսյալ հատվածի մասին: Սրբոց նահատակաց սրբապատկերն իր խորհրդաբանությամբ ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը, այլև պատգամում է, որ ամեն հայ միշտ պատրաստ պետք է լինի իր աստվածապարգև կյանքը զոհաբերելու վասն Հավատքի և վասն Հայրենյաց:

Սրբապատկերը նկարվել է Սրբադասման արարողության առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ: Նկարիչն աշխատանքներն ավարտել է Սրբադասումից օրեր առաջ: Ամենայն Հայոց Հայրապետը հաճախ էր լինում նկարչի արվեստանոցում՝ հետևելու նկարի պատրաստման ընթացքին: «Սրբոց նահատակաց» սրբապատկերը ստեղծվել է Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի անմիջական հովանու ներքո:

Իսկ «Սրբոց Նահատակաց» սրբապատկերի հեղինակը գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանն է: Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ 2010 թ. նա հրավիրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և արդեն հինգ տարի իր գնահատելի ավանդն է բերում Հայոց եկեղեցուն` ստեղծելով նոր սրբանկարներ ու գեղանկարներ, ինչպես նաև բարձրարվեստ կրկնօրինակելով մեր հին սրբապատկերները:

«Սրբոց Նահատակաց» սրբապատկերը, բնակաբանար, պահվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ներկայումս այն ցուցադրվում է Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում: Այցելուները և ուխտավորները մեծապես տպավորված են այդ պատկերով: Գրեթե բոլորը վկայում են, որ այդ պատկերից լույս և քաջալերություն է ճառագում, աստվածային խաղաղություն է տարածվում:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասապանության նահատակները սրբադասվեցին. Մայր Աթոռ Սբ Էջմիածնում արարողությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի նախագահությամբ էր, մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան ժամանած քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ:

Հայոց ցեղասապանության նահատակների սրբադասման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և քաղաքական ու մշակութային գործիչներ:

Արարողության ընթացքում կատարվել է հատուկ ընտրված նոր շարականը, օծվել են սրբապատկերները, կատարվել է մասունքների առջև խոնարհման կարգը:

Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր է սահմանվել ապրիլի 24-ը և այսուհետ հոգեհանգստյան կարգի փոխարեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կարգ է մատուցվելու: Եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1.5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկել են հանուն հավատքի և հայրենիքի: