AM
4 December 2002 - 14:35 AMT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲՆ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Հայաստանի իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրն արդեն պատրաստ է եւ կհաստատվի ամենաուշը եկող տարեսկզբին: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան դեսպանատների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների` միջազգային հակակոռուպցիոն աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպմանը: Հանդիպման մասնակիցները` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Եվրահանձնաժողովի դեսպանները, ԵԱՀԿ, ԵՎրախորհրդի, Համաշխարհային Բանկի, ՄԱԿ-ի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքը կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Հանդիպման ընթացքում օտարերկրյա զրուցակիցներն իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի մշակման եւ իրագործման հարցում` խոստանալով ներկայացնել իրենց առաջարկությունները եւ դիտողությունները հակակոռուպցիոն ծրագրի վերջնական տարբերակի առնչությամբ: