AM
1 Հունիս 2015 - 08:49 AMT

Հոռոմայրի վանական համալիրը. Ժայռերի արանքում կառուցված եկեղեցին ու միջնադարյան գերեզմանատունը

Վանական համալիրը կազմված է երկու եկեղեցուց, գավիթ-տապանատնից ու գերեզմանոցից: Համալիրը բացի քարաշեն կառույցներից ունի նաև պաշտամունքի հարմարեցված բնական քարայրների համակարգ:

Համալիրը երկու հուշարձանախումբ ունի՝ Ներքին և Վերին: Ներքինը ժայռի տակ է, Դեբեդ գետի ձախափնյա ձորալանջին, Վերինը՝ ձորաեզրին, բարձր սարահարթի վրա:

Վերին հուշարձանախումբը նաև Ձորաեզրի վանք են կոչում, այն բաղկացած է իրար կից երկու եկեղեցուց, գավթից և գերեզմանատնից:

Հարավային եկեղեցին, որը հիշատակվում է նաև Ծիրանավոր Սբ Նշան անունով, 1206-ին կառուցվել է վանքի առաջնորդ, վանահայր Սամուելի և միաբանության կողմից. այն հուշարձանախմբի հնագույն եկեղեցին է: Թաղակապ ծածկով, միանավ բազիլիկ կառույց է: Արևելյան պատուհանի բարավորի վրա հիշատակվում է կառուցող վարպետի անունը՝ Գրիգոր քարգործ: Կառուցված է բազալտե կապտավուն սրբատաշ քարերով: Հուշարձանախմբի միակ եկեղեցին է, որի ծածկը համեմատաբար պահպանված է:

Հյուսիսային եկեղեցին կառուցվել է գավթի հետ միաժամանակ՝ XIII դարակեսին: Միանավ, թաղակապ կառույց է: Մուտքը հյուսիսային կողմից է և բացվում է գավթի մեջ: Կառուցված է դեղնաշագանակագույն ֆելզիտով, արևմտյան պատն էլ դրսից պատված է խաչապատկերներով: Ներկայումս կիսավեր վիճակում է, ծածկն էլ չի պահպանվել:

Երկու եկեղեցու արանքում գավիթն է, որը հյուսիսային եկեղեցու հետ միասին XIII դարակեսին կցվել է հարավային եկեղեցուն: Այն հուշարձանախմբի առավել ուշագրավ կառույցն է: Գրեթե քառակուսի հատակագծով սրահ է՝ ծածկված անկյունագծային դասավորությամբ, փոխհատվող կամարներով ուժեղացված թաղով: Պահպանվել է ծածկի միայն հյուսիսային հատվածը: Մուտքն արևմտյան կողմից է, բավական լայն է և եզերված քանդակազարդ շրջանակով: Հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք ձգվող թաղակիր կամարի կենտրոնում հավերժության նշան և բազմաթերթ վարդյակ են պատկերված: Երկու եկեղեցու մուտքերը գավթի կողմից են, որի արևելյան ճակատը ամբողջությամբ ծածկված է խաչաքանդակներով: Կառուցված է ֆելզիտե սրբատաշ քարերով:

Հուշարձանախմբի արևմտյան կողմում միջնադարյան գերեզմանատունն է, որտեղ խաչքարեր և տապանաքարեր կան: Այն վանքի հյուսիսային և արևմտյան կողմերում է: Այստեղ պահպանված մի քանի խաչքարերերի ու տապանաքարերի թվում է 1201-ին կերտված Տերունական խաչքարը: