AM
11 Հունիս 2015 - 09:57 AMT

Համասյանի «Լոյս ի Լուսոյ»-ի ուխտագնացությունը դեպի Թուրքիա. Հունիսի 11-ի համերգը՝ Զվարթնոցում

Երաժիշտ ու կոմպոզիտոր Տիգրան Համասյանի «Լոյս ի Լուսոյ» նախագծին արդեն ծանոթ են եվրոպական տարբեր երկրներում, որտեղ երաժշտի ու նվագախմբի համերգներն ավարտվել են: Ինչպես երաժիշտն ինքն է պատմում՝ ապրիլի 17-ից մինչև մայիսի 30-ը համերգ են տվել եվրոպական տարբեր երկրներում՝ Բելգիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի, Իտալիայի, Գերմանիայի եկեղեցիներում ու համերգասրահներում, և հանդիսատեսի 98%-ն օտարերկրացիներ էին, որոնք գալիս էին լսելու ու ծանոթանալու իր մշակած հայկական հոգևոր երաժշտությանը:

«Բոլոր համերգների ժամանակ դահլիճը լեփ լեցուն էր: Քաղաքներ կային, որ վաճառքի հանվելուց 1 ամիս հետո արդեն բոլոր տոմսերը սպառվել էին: Հանդիսատեսը շատ հավանեց «Լոյս ի Լուսոյ»-ը: Չեմ կարող ասել, թե օտարերկրացիները պատկերացում ունեին՝ կոնկրետ ինչ էին գալիս լսելու, բայց արդեն համերգի ընթացքում արցունքն աչքերին էր»,- PanARMENIAN.Net-ին պատմեց Տիգրան Համասյանը:

Ծրագիրն ամենուրեք նույնն է եղել, ինչ մարտի 24-ին երևանյան պրեմիերայի ժամանակ էր, ուղղակի այնտեղ Երևանի պետական կամերային երգչախմբի կազմն ավելի փոքր էր՝ 8 հոգով էին երգում:

Այսօր՝ հունիսի 11-ին, յուրօրինակ ուխտագնացությունը, ինչպես ինքը՝ Համասյանն է այն կոչում, կշարունակվի՝ ավարտվելով Թուրքիայում: Երեկոյան՝ ժամը 20:00-ին,Զվարթնոցի տաճարի տարածքում համերգ է լինելու, որտեղ մուտքն ազատ է:

Հաջորդ համերգը հունիսի 13-ին է՝ Ստեփանակերտի մշակույթի ու երիտասարդության պալատում, ևս մեկը՝ հունիսի 15-ին՝ Գյումրիի դրամատիկական թատրոնում: Այդ համերգներին, ի տարբերություն Եվրոպայում կայացածների, Հարություն Թոփիկյանի գլխավորած երգչախումբը կմասնակցի ամբողջությամբ: Գյումրիի համերգից հետո կմեկնեն Թբիլիսի, որտեղ երկու համերգ կտան՝ հունիսի 17-ին ու 18-ին, համապատասխանաբար՝ Սբ Էջմիածին եկեղեցում ու Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Վրաստանի մայրաքաղաքում համերգներից հետո կուղևորվեն Թուրքիա, որտեղ մի շարք համերգներ են նախատեսված:

Տիգրանն ասում է՝ կարևոր չէ, թե ինչքան մարդ կգա Թուրքիայի համերգներին, կարևորն այն է, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում (հունիսի 23), Դիարբեքիրի Սբ Կիրակոսում (հունիսի 25), Կայսերիի Սբ Գրիգոր Լուսավորչում (հունիսի 27), Վաքըֆի Սբ Աստվածածնում (հունիսի 29) ու Ստամբուլի բյուզանդական Սբ Իրենում (հունիսի 30) հայկական հոգևոր երաժշտություն է հնչելու:

Երաժիշտը հուսով է՝ ցանկում շուտով կընդգրկվեն նաև Կարսն ու Անին, որտեղի համերգները հաստատվելու դեպքում կկայանան հունիսի 20-ին ու 21-ին համապատասխանաբար:

Տիգրանի նոր երաժշտական նախաձեռնությունը 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանություն է, որը 2015-ի սեպտեմբերին, ECM ընկերության հետ համատեղ, կթողարկվի ձայնասկավառակի տեսքով: Երգացանկում հավաքված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի, Կոմիտասի օրհներգները, շարականները, տաղերն ու գանձերը: Բոլոր աշխատանքները՝ սկսած «Հայրապետական մաղթերգ»-ից, գրված են գրաբարով:

«Լոյս ի Լուսոյ»-ում ընդգրկված ստեղծագործությունների թվում են նաև Պահլավունու «Ով զարմանալի»-ն ու Կոմիտասի «Հայրապետական մաղթերգ»-ը: «Ով զարմանալի» շարականը հնչում է Ջրօրհնեքի արարողության ընթացքում՝ պատարագից հետո: Այն մեզ հասել է երաժշտության հետ ու արտացոլում է կիլիկյան հին հոգևոր երգեցողության նրբությունները: Նախագծում ընդգրկված են նաև պատարագից այլ հատվածներ: