Ուսումնասիրելով հեռուստացանկը, PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 5 ժանրային սերիալ, որոնք կարելի է և պետք է դիտել այս ամառ:
«Բռնապետը» (օրիգինալ անվանումը` Tyrant)
Եթերաշրջանը` 2
Հեղինակ` Գիդեոն Ռաֆֆ
Դերերում` Ադամ Ռեյներ, Ջենիֆեր Ֆիննիգան, Աշրաֆ Բարխ
Պրեմիերան` հունիսի 16-ին
Ալիքը` FX

Քաղաքական դրաման թեև նկարագրում է հորինված արաբական Բալադի պետությունը, սակայն իրականում արտացոլում է Մերձավոր Արևելքում տիրող կարգերը: Գլխավոր հերոս Բասամ «Բարրի» Ալ ֆաիդը Բալադի պետության ղեկավարի որդին է: Նա մոտ 20 տարի իր կյանքով էր ապրում Լոս Անջելեսում: Սակայն ճակատագիրը ստիպեց նրան վերադառնալ հայրենիք: Անհատի խորը դրաման, որը ստիպված հայտնվում է երկու միանգամայն տարբեր մշակույթների էպիկենտրոնում, սերիալի միակ արժանիքը չէ: Քաղաքական ինտրիգները նույնքան վարպետորեն են ներկայացված, որքան «Գահերի խաղում», իսկ դերասանների խաղն ու լավ ռեժիսորական աշխատանքն այս եզակի գործը ստեղծողների վարպետությամբ հիանալու պատճառներից մի քանիսն են միայն:
«Մարտահրավեր» (օրիգինալ անվանումը` Defiance)
Եթերաշրջանը` 3
Հեղինակ` Սքոթ Ստյուարտ
Դերերում` Ջուլի Բենց, Գրան Բոուլեր, Ստեֆանի Լեոնիդաս
Պրեմիերան` հունիսի 19-ին
Ալիքը` SyFy

Այս հեռուստաշոուն դուր կգա գիտական ֆանտաստիկայի սիրահարներին: Բազմամյա պատերազմից հետո մարդիկ ու այլմոլորակայինները պատրաստ են կողք կողքի ապրել Երկիր մոլորակում: Նոր պատմությունը սկսվում է Defiance քաղաքում, որտեղ վեց տարբեր ռասա գոյություն ունի, այդ թվում նաև մարդիկ: Սակայն նրանք ոչ մի կերպ չեն կարող հաշտ ապրել: Դեկորացիաների հսկայական քանակը, բարդ դիմահարդարումը և զավեշտալի կոստյումները ակտիվ գործողության հետ միասին սերիալը հնարավորություն է տալիս ժամանակը բավականին հետաքրքիր անցկացնել: Նախագիծը մշակվել է Trion համակարգչային խաղերի արտադրողի հետ` ուստի սերիալը զուգահեռ է ընթանում առցանց խաղին, որն ազդում է սյուժեի վրա:
«Իսկական դետեկտիվ» (օրիգինալ անվանումը` True Detective)
Եթերաշրջանը` 2
Հեղինակ` Նիկ Պացոլատո
Դերերում` Քոլին Ֆարել, Վինս Վոն, Թեյլոր Կիչ, Ռեյչել Մաքադամս
Պրեմիերան` հունիսի 21-ին
Ալիքը` HBO

Մռայլ և խճճված դետեկտիվ պատմության առաջին սեզոնը նախորդ տարի էկրաններին էր գամել միլիոնավոր հեռուստադիտողների: Մեթյու Մաքքոնահիի փայլուն խաղը և վարպետորեն մշակված կերպարները հիանալի երկխոսություններով և խորը հոգեբանական նկարագրով երկար կհիշվեն: Ցավոք, երկրորդ սեզոնի դերասանական կազմը և պատմության առանցքը արմատապես փոխվել են` ամերիկյան ծայրամասի փոխարեն գործողությունը տեղի է ունենում մեգապոլիսում, իսկ խորհրդավոր ծիսական սպանությունները փոխարինվել են մաֆիոզների հաշվեհարդարներով: Այդպես էլ մտածված էր` հեղինակ Նիկ Պացոլատոն նկարագրում է իր հեղինակած գործը որպես սերիալ-անթոլոգիա, որտեղ յուրաքանչյուր նոր սեզոն նոր պատմություն կներկայացնի: Մնում է հուսալ միայն, որ մենք կստանանք բարդ հետաքննության և մարդկային հարաբերությունների հերթական հետաքրքիր պատմությունը:
«Շտամ» (օրիգինալ անվանումը` The Strain)
Եթերաշրջանը` 2
Հեղինակ` Գիլյերմո Դել Տորո
Դերերում` Քորի Սթոլ, Դևիդ Բրեդլի, Քևին Դյուրանդ, Միա Մաեստրո
Պրեմիերան` հուլիսի 12
Ալիքը` FX

Մարդկային քաղաքակրթությունը բնաջնջման եզրին է: Սարսափելի համաճարակը մարդկանց վերածում է արնախում վամպիրների` տարածվելով մեծ արագությամբ: Հին չարիքն արթնացել է տարիներ անց և պատրաստ է ոչնչացնել մարդկությանը: Նրանց կարող է հակազդել միայն մարդկանց մի փոքր խումբ վամպիրների հայտնի թշնամի Աբրահամ Սեթրակյանի գլխավորությամբ: Հայտնի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի և Չաք Հոգանի եռահատորյակի էկրանավորումը հետևում է գրքերի շարադրանքին` առաջին սեզոնը առաջին հատորի էկրանավորումն էր: Այստեղ պատմությունը նոր-նոր է զարգանում, սակայն երկրորդ հատորում չարի ու բարու պայքարն արդեն թափ է ստանում: Ուստի, հեռուստասերիալի երկրորդ սեզոնը պետք է ավելի ծավալուն ու սարսափազդու լինի:
«Մանհեթն» (օրիգինալ անվանումը` Manhattan)
Եթերաշրջանը` 2
Հեղինակը` Սեմ Շոու
Դերերում` Ջոն Բենջամին Հիքքի, Օլիվիա Ուիլյամս, Էշլի Ցուկերման
Պրեմիերա` հուլիսի 27
Ալիքը` WGN America

Նրանց համար, ով չգիտի «Մանհեթն նախագծի» մասին. դա ԱՄՆ միջուկային ծրագրի մշակման ծածկանունն է, որի իրականացումը սկսվել է 1943 թ. սեպտեմբերի 17-ին: Այս հեռուստասերիալը պատմում է պատմության մեջ ամենագաղտնի նախագծի մասին, որի վրա աշխատում էին Լոս Ալամոսի գիտնականները Նյու Մեքսիկո նահանգում: Խիստ գաղտնիությունը, որով շրջապատված էին գիտնականները, անկասկած ազդում է նաև նրանց հոգեբանական վիճակի ու փոխհարաբերությունների վրա: Վախով, սթրեսով ու ստով հագեցած գեղեցիկ պատմական դրաման արտացոլում է աշխարհում տիրող քաոսը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը շարունակվեց «սպառազինությունների մրցավազքի» և «սառը պատերազմի» տեսքով: