Ադրբեջանը եւ Ուկրաինան հազիվ թե ընդգրկվեն ԱՄՆ «Զեկույց հազարամյակի մարտակոչերի վերաբերյալ» ծրագրում, որը կոչված է օժանդակելու զարգացող երկրներին սոցիալ-տնտեսական հիմնահարցերի լուծման գործում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով «Բի-բի-սի» ռադիոկայանը, դա կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի կարծիքով այդ երկրների իշխանությունները չափազանց կոռումպացված են: Ռադիոկայանի տվյալների համաձայն, այդ ծրագրի իրագործման համար ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը 5 մլրդ դոլարի հատուկ հիմնադրամ է ստեղծել: Միեւնույն ժամանակ Բուշը հայտարարել է, որ «Վաշինգտոնը մտադիր չէ ֆինանսավորել արտասահմանյան կոռումպացված վարչակարգերին» եւ վերը նշված միջոցների ստացման գլխավոր չափանիշը կլինի «տեղական իշխանության թափանցիկությունը եւ «կառավարական մակարդակով կոռուպցիայի բացակայությունը»: Առաջիկա երկու տարիներին օգնության միջոցներին կարող են հավակնել այն երկրները, որտեղ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող տարեկան եկամուտը չի գերազանցում 1500 դոլարը: